2 պատճառ կա, որ չի եկել՝ Փաշինյանը այլևս կապ չունի մեր երկրի հետ, կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազան
10:44 - 28 մայիսի, 2024

2 պատճառ կա, որ չի եկել՝ Փաշինյանը այլևս կապ չունի մեր երկրի հետ, կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազան

Երկու պատճառ կա, որ Նիկոլ Փաշինյանը չի եկել այսօր Սարդարապատ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Մեկը, որ նա այլևս որևէ կապ չունի մեր երկրի հետ, մեր խորհրդանիշների ու սիմվոլների հետ, երկրորդ՝ դրսից թելադրել են, որ չես գնալու։ Փաստն արձանագրենք, որ այստեղ չէ ու անցնեք առաջ»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ դրսից որտեղից, Սրբազանը պատասխանեց՝ այս սահմանից այն կողմ երկիր կա։

Բագրատ Սրբազանի խոսքով «այդ մարդն այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի հետ»։

«Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի»,- հայտարարեց նա։

Սրբազանը շեշտեց․ «Մեզ համար սրբավայր է Սարդարապատը, ինձ համար ամենամեծ ներշնչման տեղն է, ես ինչո՞ւ պիտի մտնեմ այդ ճղճիմ խոսակցությունների մեջ, իսկապես, դուք էլ մի մտեք»։

Սրբազանը տերունական աղոթքով խոսքը սկսեց․  «Մեր նահատակ հերսների հոգիների խաղաղության համար, որը ձեռք կբերվի նաև մեր հաղթանակներով»։ Ապա հավաքվածները միասին երգեցին Հայաստանի օրհներգը։

«Շնորհավոր Մայիս 28-ը, մեր Հանրապետության տոնը, թեպետ մենք նշում ենք բոլոր ժամանակների մեջ, թերևս, ամենանվաստ և անպատիվ շրջանում։ Բայց դա երբեք ընկճվելու, հուսահատվելու, նահանջելու ճանապարհ չի, այլ մեր տառապանքներն ու ցավերը, կորուստները մղում են մեզ էլ ավելի մեծ սխրանքների»,- ասաց Սրբազանը

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանի առաջնարոդած շարժման աջակիցները ավտոերթով գնացել են Սարդարապատի հուշահամալիր և գիշերել այնտեղ։ Սպասվում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կգնա Սարդարապատ՝ հարգանքի տուրք մատուցելու, սակայն չի գնացել։ Վարչապետ ընտրվելուց հետո սա առաջին դեպքն է, որ մայիսի 28-ին Փաշինյանը չի գնացել Սարդարապատի հուշահամալիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել