armenpress.am: Պետության աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային առավելագույն շեմը կվերանայվի:
Այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հիշեցրեց, որ 44–օրյա պատերազմում զավակներին կորցրած ծնողները պետության աջակցությամբ կարողանում են վերարտադրողական ժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ երեխա ունենալ: Սակայն պատգամավորը նկատել է, որ ծրագրից օգտվելու համար սահմանված տարիքային շեմի հետ կապված դժգոհություն կա:
«Պետության կողմից այս կարիքին արագ արձագանքելու շնորհիվ հնարավոր եղավ բազմաթիվ ընտանիքներին զավակ ունենալու բերկրանքը պարգևել: Այո, մենք ունենք ծնողներ, որոնք լինելով օրենքով սահմանված տարիքային շեմի մեջ, փորձել են, բայց, ցավոք սրտի, չի ստացվել: Հիմա ունենք պահանջ՝ վերանայելու այդ տարիքային շեմը», - ասաց Ավանեսյանը:
Նախարարը հայտնեց, որ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հետ երկար քննարկումների արդյունքում նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն: Տարիքային շեմի վերանայման նախագիծը շրջանառության մեջ է: Նախարարը հուսով է, որ շուտով արդեն կքննարկվի Ազգային ժողովում:
«Հուսով եմ, որ առաջիկայում կընդունվի, և 53 տարեկանի շեմը կվերանայվի և ներառյալ 55–ը կսահմանվի որպես տարիքային շեմ», - ասաց Ավանեսյանը:
Ըստ նրա՝ տվյալ օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը նաև որոշակի ռիսկեր է պարունակում կնոջ ու ապագա զավակի համար: Այս բոլոր մասնագիտական նրբությունները հաշվի առնելով՝ եզրահանգել են, որ կսահմանեն 55 տարեկանի շեմը:
comment.count (0)