«Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին. նախարար |armenpress.am|
11:28 - 05 հունիսի, 2024

«Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվող «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիս ամսին:

Այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Նա հիշեցրեց, որ 2023 թվականին ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական իրականացնող մարմինն է:

«Հայեցակարգային աշխատանքներն իրականացվեցին «Ակադեմիական քաղաք»-ի պատկերացումը և հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաև ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը»,-ասաց նախարարը:

Զուգահեռաբար շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված, քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով: Բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:

«Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ «Ակադեմիական քաղաք»-ի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաև իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,-ասաց Անդրեասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել