Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
18:35 - 29 օգոստոսի, 2024

Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները և աշխատանքային մի շարք այլ հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից․

«Ողջունելով ներկաներին՝ նախարարը ներկայացրել է օրենքի նախագծի առանցքային կետերը՝ անդրադարձ կատարելով բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրման և բուհերի լիցենզավորման համար նախատեսվող նոր չափանիշներին, ֆինանսավորման նոր մեխանիզմներին, բուհերի կառավարման ոլորտում նախատեսվող փոփոխություններին, նպաստային համակարգից կրթաթոշակային համակարգի անցմանը և այլ փոփոխությունների:

Նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որն այս պահին լրամշակման փուլում է և ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կներկայացվի բուհերի և հանրության լայն շրջանակների քննարկմանը, ոլորտի ամենասպասված գործընթացներից մեկն է և պետք է դառնա զարգացմանն աջակցող գործիք:

Նախարար Ժաննա Անդրեասյանը բուհերի ղեկավարներին տեղեկացրել է, որ սահմանվելու են բարձրագույն կրթության որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր, ավելի խիստ չափանիշներ: Նախագծում առանձին հոդվածներ կան ակադեմիական քաղաքի, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի վերաբերյալ։

Անդրադառնալով գերազանցության կրթաթոշակի թեմային՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր մեխանիզմ է մշակվել, որը թույլ կտա բուհին իրեն տրված քվոտայի շրջանակում կրթաթոշակ տրամադրել ուսանողներին։

Նշվել է, որ նախագծով նախատեսվող փոփոխությունները զգալի են, և կնախատեսվի անցումային փուլ, որպեսզի բուհերն անհրաժեշտ ժամանակ ունենան իրենց գործունեությունը համապատասխանեցնելու նոր կարգավորումներին:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ ընդգծել է, որ փորձ է արվել օրենքի նախագծում ներառել ապագային միտված կարգավորումներ, որոնք սկզբնական փուլում թերևս կարող են ստեղծել որոշ անհարմարություններ կամ մտահոգություններ, սակայն անհրաժեշտ են՝ ոլորտի զարգացումն ապահովելու համար։

ԿԳՄՍ նախարարը և կոմիտեի նախագահը պատասխանել են հանդիպմանը մասնակցող բուհերի ղեկավարների հարցերին», - նշված է նախարարության հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել