news.am: Երեկվա իրադարձությունները վերահաստատեցին, որ մենք շարունակում ենք գտնվել մի քաղաքական ռեժիմի կառավարման պայմաններում, որը չի խնայում ոչ մի բան, ոչ մի կարմիր գիծ չունի և պատրաստ է ամենաբիրտ մեթոդներով ոտնահարել ոչ միայն սահմանադրական կարգը, այլ նաև պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, բացի իր աթոռից։
Այս մասին խորհրդարանում խմբակցությունների անունից ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ըստ պատգամավորի՝ երեկվա կազմակերպած ամբողջ օպերացիան հստակ մշակված, դերաբաշխված գործողություն էր։
«Վարկաբեկում էին բոլոր ինստիտուտները, որոնք ազգային բնութագիր ունեին՝ եկեղեցուց սկսած ավարտած կուսակցություններով։ Հետո տեղի ունեցավ ոստիկանական բռնի գործողությունները խրախուսելն ու արդարացնելը, որն ուղեկցվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից ոգևորիչ խոսքերով՝ ուղված բռնություններ կիրառած ոստիկաների նկատմամբ, անգամ պարգևատրումների խոստումներով, այդ ամենից հետո պետք է իրականացվեր գործողությունը»,- ասաց պատգամավորը։
Մինասյանն ընդգծեց՝ եթե ՔԿ-ն նորմալ լիներ, պետք է քրեական գործեր հարուցեր իրենց լիազորություններից դուրս եկած պաշտոնյաների նկատմամբ և այդ մարդիկ պետք է հիմա ոչ թե հերթական սադրանքները հրահրեին, այլ հայտնվեին քննչական մեկուսարաններում։
«Այս ամենը պատահական չի արվում, արվում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակապետական, հակասահմանադրական ընթացքը։ Այս կառավարությունը ոչ լեգիտիմ էր, ոչ միայն այն պատճառով, որ ձախողել է իր ծրագիրը, այլ նաև այն պարզ պատճառով, որ ջախջախել է իրավական պետության սահմանադրական հռչակած սկզբունքները։ Սա մի ռեժիմ է որի օրոք նոր «Մարտի մեկ»-երը բացառված չեն, միակ տարբերությունն այն էր, որ այս շարժումը չէր առաջնորդում Նիկոլ Փաշինյանը, այլապես մահերն անխուսափելի էին։ Բագրատ Սրբազանը կարողացավ այս ամենին այնպիսի ընթացք տար, որ հետագա սադրանքներ տեղի չունենան»,- ասաց նա։
Նա ասաց, որ ՔՊ-ն փորձելու է մեղքը բարդել Շարժման, ընդդիմության ու այն մարդկանց վրա ում ի սկզբանե թիրախավորել է։ «Այս պայքարը չի կարող դադարել, այն հանուն Հայաստանի Հանրապետության է, այս պայքարը հանուն Արցախի ու Արցախի ժողովրդի պաշտպանության է։ Միևնույնն է մի օր կանգնեցվելու է այս իշխանության հակապետական ընթացքը»,- ընդգծեց նա։
comment.count (0)