Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում. Վահագն Խաչատուրյանը`Ռիչարդ Վերմային
21:47 - 17 հունիսի, 2024

Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում. Վահագն Խաչատուրյանը`Ռիչարդ Վերմային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ: 

Ողջունելով Պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան նախագահը նշել է.

«Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում: Ես ինքս նաև անձնական փորձով, շատ լավ գիտեմ՝ դա ինչ է նշանակում: Շատ կարևորում եմ Ձեր այցելությունը և այս նախաձեռնությանն առանձնահատուկ ուշադրություն դարձնելը: 

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի տարածքների հավասարաչափ զարգացմանը: Դրան է ուղղված նաև համայնքների խոշորացման գաղափարն ու իրականացումը, որի արդյունքն արդեն իսկ տեսնում ենք: 

Մենք մեծապես շահագրգիռ ենք, որ Երևանից դուրս Հայաստանի զարգացման ներուժն ամբողջությամբ օգտագործվի: Այս առումով այս միջոցառումն ու նախաձեռնությունը շատ կարևոր է: Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ այցելության համար»: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Ռիչարդ Վերման ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, սակայն Ձեր երկրի հետ հարաբերությունների կառուցման շուրջ աշխատել եմ երկար տարիներ: Իսկապես հիանալի է լինել այստեղ իմ գործընկերների հետ: Սա շատ կարևոր ժամանակահատված է մեր հարաբերություններում»: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր: 

Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում բնականոն զարգացման համար կայուն և տևական խաղաղության հաստատման նշանակությունը: 

Զրույցի ընթացքում կարևորվել է երկու երկրների տեղական մարմինների և համայնքների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության հետագա զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերի ներդրումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել