«Մեր ակցիայի նպատակը Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումն է, մենք փաստեր ենք տրամադրել» |lragir.am|
08:55 - 10 հունվարի, 2020

«Մեր ակցիայի նպատակը Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումն է, մենք փաստեր ենք տրամադրել» |lragir.am|

lragir.am։ Ապօրինի որդեգրման ճանապարհով իրենց երեխաներից զրկված ծնողները բողոքի ակցիա են անում Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի դատախազությունը բողոքարկի այս գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց խափանման միջոցի որոշումները, որպեսզի նրանց կալանավորեն: 

«Մեր ակցիայի նպատակը Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումն է: Մենք փաստեր ենք տրամադրել, 500-ից ավելի փաստեր, բայց չգիտես ինչու՝ ասում են՝ փաստեր չկան: Դրա համար մենք՝ քայլող փաստերս, եկել ենք այստեղ և ձեզ փաստ ենք ներկայացնում»,- ասաց ծնողներից Հայկուհի Խաչատրյանը: Նրանք հանդիպում են պահանջում գլխավոր դատախազի հետ, իրենց խոսքով, որպեսզի հասկանան՝ դատախազության աշխատակիցները նպաստո՞ւմ են, որպեսզի այս գործերը չբացահայտվեն:

Երեխաներից զրկված մայրերը պատմում են իրենց հետ պատահածը:

«2017 թվականի ապրիլի 2-ին Հանրապետական հիվանդանոցում ունեցել եմ տղա երեխա, ինձ խաբելով ասել են, որ երեխաս մահացել է: Բայց մինչև հիմա իմ մայրական բնազդն ասում է, որ իմ երեխան չի մահացել, իմ երեխայի մարմինը չեն տվել, ինձ տվել են մի հատ կոշիկի տուփ՝ ասելով, որ այդտեղ երեխայի սևացած, նեխած ու կտրատված մարմինն է: Ես ուզում եմ իմանալ՝ ինչու են կտրատել: Ես դիմել եմ ոստիկանություն, գործը կեսից կարճելով՝ քննիչն ամուսնուս ասել է՝ վերևներից թույլ չեն տալիս: Մեզ տվեք այդ բացահայտումը, վերևներում ովքե՞ր են նստած, որ մեր գործերը կարճում են, չեն թողնում, որ գործերին ընթացք տանք»,- ասաց ծնողներից Նաիրա Այվազյանը: Նա նշեց, որ գլխավոր դատախազը պետք է գա ու իրենց պատասխան տան՝ ովքեր են «վերևներում» նստած, որոնք կապ ունեն այս դեպքերի հետ:

Ծնողներից մեկն էլ պատմեց, որ ծննդաբերել է 2019 թվականի մարտի ութին, երեխան 7 ամսական է ծնվել, իրեն ասել են՝ երեք օր անց կարող է երեխային տուն տանել: «Բայց երեք օր անց մանկաբույժ Աշոտովնան քմծիծաղով ինձ ասաց՝ երեխադ մահացել է: Ասաց՝ հիվանդ էր, աչքիս դու էլ ես հիվանդ: Ես երեխայիս պահանջեցի, ասացի՝ տվեք, որ ապացույց լինի, որ իրոք մահացել է: Ոչ երեխային տվեցին, ոչ ապացույց, միայն թղթեր գրեցին, ասացին՝ դու ես մեղավոր: Չորս օր հետո ինձ մի հատ դիակ բերեցին, ասացին՝ դիահերձել ենք, օրգանները հանել ենք, մեզ պետք էր: Բերել էին մի հատ սևացած ու մեծ երեխայի, բայց այդ երեխան իմը չէր, իմը փոքրիկ էր»,- պատմեց ծնողը:

Կանանցից ոմանք ասում են, որ հանրապետական հիվանդանոցում իրենց 1 մլն դրամ են առաջարկել, որպեսզի տեղի ունեցածի մասին լռեն: Ծնողներից մեկն ասաց, որ 1999 թվականին երկվորյակ երեխա է ունեցել: «Ինձ ասում էին՝ ո՞նց ես պահելու, եթե հայրը չկա: Ինձ ասում էին՝ չես կարող երեխեքիդ տեսնել, հետո ասացին՝ երեխեքդ չկան: Երեխաների դիակները ինձ ցույց չեն տվել»,- պատմեց նա:

Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):

Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Սակայն դատարանի որոշմամբ՝ Ռազմիկ Աբրահամյանը ներկայում ազատության մեջ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել