factor.am: Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչներն առավոտից շուրջ 3 ժամ փակ են պահել Երևան-Ապարան ավտոճանապարհը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդենուտ բնակավայրի բնակիչ, ակցիայի մասնակից Արմեն Ամիրխանյանը։
Ճանապարհը փակած գյուղացիները դժգոհում են, որ համայնքի 110 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և շուկայականից ցածր գներով ցանկանում է գնել։ Արմեն Ամիրխանյանի 2 հեկտար հողը ևս «Էկո գյուղ» ծրագրով հանրային գերակա շահ է ճանաչվել․ «Ռիդ» ՍՊԸ-ն մեկ քառակուսի մետրի համար նրան ու մյուս գյուղացիներին 300 դրամ է առաջարկում։ Վարդենուտցիների համար, սակայն, առաջարկվող գումարն ընդունելի չէ։
«Կոպեկներով մեզանից ուզում է հողերը խլել, այս ընթացքում բոլոր պատկան մարմիններին դիմել ենք։ Բոլոր մեթոդները կիրառել ենք՝ դիմել ենք Կառավարություն, ցույցեր ենք արել, դիմել ենք մարզպետարան, խոստացան, որ գները կվերանայեն, բայց նորից խաբված դուրս եկանք, որոշեցինք դարձյալ կտրուկ քայլերի դիմել»,-ասաց գյուղացին։ Վարդենուտի բնակչի տեղեկացմամբ՝ շուրջ 20 օր առաջ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է գյուղ եկել և ընկերությանն առաջարկել հողերի գները վերանայել, բայց, Արմեն Ամիրխանյանի պնդմամբ, դա էլ էր ապարդյուն։
Նրա խոսքով՝ գյուղացիներն առաջարկում են 1 քառակուսի մետրի գին սահմանել 2000 դրամը։ «2 օր առաջ «Ռիդ»-ից մեզ կանչեցին իրենց օֆիս։ Մենք էլ մտածեցինք, թե գների վերանայման մասին է խոսքը, բայց իրենց պահեցին «խուժանի» պես, սպառնալիքով մեզ հետ խոսեցին, թե դատարանով հողերը կստանան»,-մանրամասնեց վարդենուտցին։ Գյուղացու խոսքով՝ հանդիպումից հետո բոլորը որոշել են, որ «Ռիդ» ՍՊԸ-ին հող չեն վաճառելու։ ««Ռիդ» ՍՊԸ-ին հող չունենք տալու, թեկուզ գինը 5000 դրամ դարձնի։ Թող ծրագիրը հանի և հեռանա մեր գյուղից»,- վրդովվեց մեր զրուցակիցը։ Արմեն Ամիրխանյանը նշեց, որ այսօր էլ ճանապարհը բացել են պայմանով, որ հանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ, մարզպետն է խոստացել հանդիպում կազմակերպել վարչապետի հետ։
Նշենք, որ դեռ անցյալ տարի է Կառավարությունը հավանություն տվել Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծման ծրագրին, որը վերաբերելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին։
Ծրագրով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու են «Ռիդ» ՍՊԸ-ին: Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, կից հյուրատներով: Նախատեսվում է կառուցել նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի համալիրն ունենա ջրի հասանելիություն: Բացի այդ, ըստ ծրագրի, կառուցվելու է լեռնադահուկային համալիր 5 ճոպանուղային գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով՝ իրենց ենթակառուցվածքներով։ Կառավարությունը համաձայնություն է տվել Ապարան համայնքին տարածքի ուղղակի վաճառքին, բայց համայնքն ինքն է վերջնական որոշումը կայացնելու:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)