Բաքուն ու Անկարան Ադրբեջանում զինտեխնիկայի կամ մասերի համատեղ արտադրություն կհիմնեն․ Հասանով
 |azatutyun.am|
11:32 - 26 հունիսի, 2024

Բաքուն ու Անկարան Ադրբեջանում զինտեխնիկայի կամ մասերի համատեղ արտադրություն կհիմնեն․ Հասանով |azatutyun.am|

azatutyun.am: Շուշիի հռչակագրով՝ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է, ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանն ու АзТВ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Նա շեշտել է, որ երկու երկրների կառավարման կետերը կապված են միմյանց հետ, համատեղ գործունեություն են ծավալում՝ մեջբերելով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝ «Մեկ ազգ, երկու պետություն և մեկ բռունցք»։

Մեծ աշխատանք է տարվում ռազմարդյունաբերության ոլորտում, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ տեղեկացնելով, որ շուտով Ադրբեջանում ժամանակակից զինտեխնիկայի կամ դրանց մասերի համատեղ արտադրություն կկազմակերպվի։

Ընդգծելով, որ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը սրընթաց զարգացում է ապրել, և խոսքը ոչ միայն «Բայրաքթարի» մասին է՝ Հասանովը շեշտել է, որ Ադրբեջանը նույնպես օգտվում է դրանից և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են բարձր տեմպերով։

2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել