Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով Գյումրիում էր: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպում է անցկացվել ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման անձնակազմի հետ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են աշխատանքի մեթոդաբանությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ:
Պաշտպանն այցելել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ներ:
Անահիտ Մանասյանը շրջել է հաստատությունների տարածքով, ուսումնասիրել շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցները, ննջասենյակները, սանհանգույցները, ծանոթացել խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։
Առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների և անձնակազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանը լսել է նրանց հուզող հարցերը։
Քննարկվել են երեխաների կրթության, հանգստի, ժամանցի, շենքային պայմանների բարելավման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների, այլ իրավունքների ապահովման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր:
Պաշտպան Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:
comment.count (0)