Չենք կարող ասել,  որ մեր բոլոր ուսուցիչները մեդիագրագետ են, բայց ակնհայտ է, որ կա շատ մեծ տարբերություն եւ առաջընթաց․ Ժաննա Անդրեասյան
15:37 - 01 հուլիսի, 2024

Չենք կարող ասել, որ մեր բոլոր ուսուցիչները մեդիագրագետ են, բայց ակնհայտ է, որ կա շատ մեծ տարբերություն եւ առաջընթաց․ Ժաննա Անդրեասյան

Չեմ կարծում, թե երբեւէ որեւէ ժամանակահատվածում որեւէ երկրում որեւէ կրթության նախարարություն կասի, որ ավարտել է ուսուցիչների հետ աշխատելու փուլը, որովհետեւ դա շարունակական եւ անընդհատ աշխատանք է, եւ, կարծում եմ, ուսուցիչների մասնագիտական զարգացումը ոչ մի վայրկյան չպիտի կանգնի։ Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում կազմակերպված քննարկմանն ասաց Ժաննա Անդրեասյանը։

«Իհարկե, ասել, որ մեր բոլոր ուսուցիչները մեդիագրագետ են կամ տիրապետում են անհրաժեշտ հմտություններին, չենք կարող ասել, բայց այն, որ կա շատ մեծ տարբերություն եւ առաջընթաց, ակնհայտ է։ Սովորաբար նման մեծածավալ փոփոխությունների ժամանակ մեթոդաբանական առումով ճիշտ է համեմատել էն վիճակը, որ ունեիր, վիճակի հետ, որում գտնվում ես հիմա։ Էդ տեսանկյունից առաջընթացն ավելի քան ակնհայտ է։ Այստեղ մեզ եկավ օգնելու համավարակը, որովհետեւ տեխնոլոգիաների թռիչքային զարգացում եղավ, եւ էն ուսուցիչները, որոնք չէին կարող ենթադրել, որ կկիրառեն նոր տեխնոլոգիաներ եւ գործիքներ, ստիպված եղան անել դա, եւ տեսանք, որ կրթության ոլորտը նաեւ համավարակի պայմաններում դարձավ ստեղծագործ ու նորարա մոտեցումների հարթակ, եւ շատ մոտեցումներ հիմա շարունակվում են կիրառվել»։

Անդրեասյանը նշեց, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերում մեդիագրագիտության կոմպոնենտը դարձրել են պարտադիր․ «Երկու տարի առաջ հաստատեցինք ուսուցիչների մասնագիտական ստանդարտները, որտեղ մեդիագրագիտությունը եւ դրա զարգացման ստանդարտները կարեւոր մաս են, բայց պետք է ընդգծեմ, որ իրականում կրթության էն գործընթացը, որ պատկերացնում ենք, հիերարխիկ գործընթաց չէ, հետեւաբար դուրս ենք գալիս կրթական պրոցեսի էն դերից, որտեղ մեկը սովորեցնում է, մյուսը՝ սովորում»։

Նախարարի խոսքով՝ երեխաները շատ ակտիվ մեդիասպառողներ են, նաեւ ստեղծողներ, և այդ իմաստով, կրթական գործընթացը դիտելով ավելի համագործակցային եւ հորիզոնական գործընթաց, ունենում են իրավիճակներ, երբ ուսուցիչներն էլ կարող են սովորել երեխաներից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել