Հայաստանի ԱԳ նախարարի և Օմանի էկոնոմիկայի նախարարի հանդիպումը
14:23 - 16 հուլիսի, 2024

Հայաստանի ԱԳ նախարարի և Օմանի էկոնոմիկայի նախարարի հանդիպումը

Հուլիսի 16-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի էկոնոմիկայի նախարար Սաիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանը, այդ նպատակով տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման և ընդլայնման կարևորությանը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ու տնտեսական զարգացման համար ընձեռնվող հնարավորությունները:

Մտքեր են փոխանակվել նաև թվայնացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման շուրջ:

Նախարար Միրզոյանն Օմանի նախարարին ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել