Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-ից 10 մլն դրամ գրավի դիմաց:
Նա, պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք կրկին քաղաքապետ դառնալ, ասաց․ «Ես պաշտոնի համար կռիվ չեմ տվել, որ այսօր ասեմ՝ պաշտոնն ինձնից տարել են: Ամեն ինչ արել են, որպեսզի ես չստանձնեմ: Հիմա պետք է հասկանանք մեր գործիքակազմը՝ մեր հետագա գործունեությունն ինչո՞վ ենք ծավալում»:
Նրա խոսքով՝ գործը քաղաքական հետապնդման պրոցես է։
Հիշեցնենք, որ փաստաբանը երեկ հայտնել էր, որ 2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով։
Հիշեցնենք նաեւ, որ ըստ ՔԿ-ի՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող հողամասերը, իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:
comment.count (0)