Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Գիշերը ժամը 4-ին շուխուռ են դրել՝  շենքը վառվում է, մարդ կա իրեն պատուհանից է դուրս  գցել, մարդ կա դուրս է եկել. բնակիչ

 |news.am|

Գիշերը ժամը 4-ին շուխուռ են դրել՝ շենքը վառվում է, մարդ կա իրեն պատուհանից է դուրս գցել, մարդ կա դուրս է եկել. բնակիչ |news.am|

news.am: Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում նախօրեին խոշոր հրդեհից զոհվածը տարեց կին է՝ Արեւիկ Ցաքանյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է հրդեհված շենքի բնակիչներից Լեւոն Մարգարյանը, որը մանրամասներ պատմեց դեպքից:  «Գիշերը ժամը 4-ին շուխուռ են դրել, որ  շենքը վառվում է, մարդ կա իրեն պատուհանից է դուրս  գցել, մարդ կա դուրս է եկել, կա մեկ զոհ, մեկ հոգի էլ ծանր վիճակում է: Մնացածը, փառք Աստծո, կարողացել են դուրս գալ»,- պատմեց նա:Բնակիչը պատմեց, որ տանը մի փոքր գումար է ունեցել, ոսկեղեն, կահույք է եղել բնակարանում, որը ամբողջապես վնասվել է:«Երեք սենյականոց էր իմ բնակարանը, որից մեկ սենյակը, խոհանոց, բաղնիք, զուգարանը լրիվ չկա, էդ կարգի է: Հրդեհի ուղղությունը երկորրդ մուտքից է եկել, մեր մուտքը առաջինն է: Ես երկրաշարժի ժամանակ մեկ սենյականոց տուն եմ կորցրել, ինձ սա տրամադրեցին եւ ասացին, որ ընդամենը երեք տարով է»,-ասաց նա:Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։Հրդեհի հետեւանքով կա 1 զոհ, 8 վիրավոր:
13:35 - 09 փետրվարի, 2025
Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները

Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները

Այսօր՝ փետրվարի 9-ին, Ստեփանավանի համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը, Ստեփանավան ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Ստեփանավանի ՄՍԾ պատասխանատու պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմից։ Քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, համակարգվել առաջիկա անելիքները՝ կապված հրդեհից տուժած անձանց կարիքների առաջնային գնահատման և ըստ հրատապության՝ բնակիչներին տրամադրվող անհրաժեշտ օգնության գործընթացի հետ։ Մասնավորապես հստակեցվել է դպրոցահասակ երեխաներին տրամադրվող գրենական պիտույքների, անհրաժեշտ պարագաների, դեղորայքի կարիք ունեցող անձանց տրամադրվելիք օգնության ցանկը։ Հայկական Կարմիր խաչի Ստեփանավանի մասնաճյուղի ղեկավարը ներկայացրել է ՀԿԽ ընկերության կողմից նախատեսված աջակցությունը, որն այսօր կբաշխվի տուժած ընտանիքներին: Հանձնարարվել է խիստ հետևողական լինել քաղաքացիների կարիքներին, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները։l
13:02 - 09 փետրվարի, 2025
Ստեփանավանի շենքերից մեկի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների մի մասը տեղավորվել է հյուրանոցում. Լոռու մարզպետը մանրամասներ է հայտնել
 |1lurer.am|

Ստեփանավանի շենքերից մեկի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների մի մասը տեղավորվել է հյուրանոցում. Լոռու մարզպետը մանրամասներ է հայտնել |1lurer.am|

1lurer.am: Այս պահին արվում է Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների առաջնային կարիքների գնահատում: 1lurer.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: «Տարհանված բնակիչներն այս պահին հյուրանոցում են գտնվում: Իհարկե, կան անձինք, որոնք իրենց բարեկամների տներն են գնացել: Հյուրանոցներում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ, որ նրանք, ովքեր ցանկանում են մնալ այդտեղ, մնան, իսկ ովքեր ցանկանում են մնալ բարեկամների տանը, մնան: Առաջիկայում վարձով տներ ենք ձեռք բերելու, և բնակիչները ոչ մի վայրկյան դրսում չեն մնալու»,- ասաց մարզպետը: Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ շենքում փաստացի 32 բնակվող է եղել․ 54 գրանցված բնակիչ ուներ շենքը: Հիշեցնենք՝ այս փայտե շենքի բնակիչների համար Կառավարության ֆինանսավորմամբ ավելի վաղ էր բնակարանաշինական ծրագիր մեկնարկել: 10 մլրդ դրամ արժողությամբ բնակապահովման ծրագրի արդյունքում բոլորը, ըստ Լոռու մարզպետի, փուլային տարբերակով տեղափոխվելու էին իրենց նոր տներ: Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։
12:08 - 08 փետրվարի, 2025
«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին՝ հիմնվելով  «Ինֆոքոմի» հրապարակմամբ բացահայտված՝ համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի ուսումնասիրության վրա։  «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022 և 2023 թվականներին Ստեփանավան համայնքի կատարած գնումները և արձանագրել, որ Ստեփանավանի համայնքապետարանի գնումների շուրջ 70%-ն իրականացվում է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ համայնքային պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ընկերությունները պարբերաբար հաղթում են համայնքային գնումներում։  Առավել ուշագրավ էր այն դեպքը, երբ համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր էր կնքել Քաղաքաշինության բաժնի նախկին պետ, այժմ համայնքապետի օգնական Լևոն Քալանթարյանի եղբոր ընկերության հետ՝ բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքների իրականացման համար։ Այդ աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացումն էլ պատվիրակվել էր Լևոն Քալանթարյանի որդու ընկերությանը։  Նույն ժամանակահատվածում համայնքապետարանը պայմանագրեր էր կնքել նաև համայնքի ղեկավարի տեղակալի, ավագանու անդամներից մեկի կնոջ և ավագանու մեկ այլ անդամի ընկերությունների հետ։  Հանձնաժողովը, ուսումնասիրելով այս բոլոր դեպքերը, արձանագրել է, որ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իրեն փոխկապակցված անձանց հետ անձնական հարաբերություններ ունեցող անձանց հետ։  Միաժամանակ Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։ Այսպիսով, հաշվի առնելով, որ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, միաժամանակ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում շահերի առկայության մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ խախտելով օրենքով սահմանված շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների պահանջ, Հանձնաժողովը նրա նկատմամբ կիրառել է տույժ 300 000 դրամի չափով։ «Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Սևան և Քաջարան համայնքներում։   Լիլիթ Գրիգորյան
13:24 - 07 փետրվարի, 2025
Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Դատախազության հայցը

Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Դատախազության հայցը

2024 թվականի դեկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի 2 փողոցի 1/1 հասցեի 0.07 հա մակերեսով հողամասի աճուրդը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Որպես գործարքի անվավերության հետևանք Դատարանն անվավեր է ճանաչել Ջրաշեն համայնքի և Գ.Ե.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն ու պարտավորեցրել Գ.Ե.-ին Ջրաշեն համայնքին վերադարձնել վերոնշյալ հողամասը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դատախազությունից հիշեցնում են, որ հայցը դատարան էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի օգոստոսի 26-ին: Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ աճուրդն իրականացվել է Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, քանի որ աճուրդում հաղթող է ճանաչվել տվյալ սակարկությանը մասնակցելու իրավունք չունեցող անձը:
09:59 - 26 դեկտեմբերի, 2024
Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ դրամի, Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն դրամի առերևույթ խախտումներ. ՊՎԾ

Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ դրամի, Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն դրամի առերևույթ խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա, ուսումնասիրել է Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին 2021-2023 թթ.  հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը։ Կոտայքի մարզում՝ ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկողության, Լոռու մարզում՝ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունները, ամփոփել են վերոնշյալ մարմիններին տվյալ ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեից տրամադրված միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության ուսումնասիրության արդյունքները։ «Վերահսկողությունն իրականացվել է  սուբվենցիոն ծրագրերի, համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների, մարզային ենթակայության դպրոցներում աշակերտներին սննդի տրամադրման ընթացակարգերի, հանրակրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքների, մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային փոխհատուցումների, աշխատակազմերի տարեկան աշխատավարձային ֆոնդի, ներկայացուցչական ծախսերի, սոցիալական ծրագրերի իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև այլ ֆինանսական  գործառնությունների իրականացման նկատմամբ, որոնց հետ կապված՝ մարզպետների աշխատակազմերում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ, ընթացակարգային թերություններ և համակարգային խնդիրներ: Արդյունքում՝ մի շարք ծախսերի ուսումնասիրությամբ Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ ՀՀ դրամի, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ և անհամապատասխանություններ: Այդ թվում՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով մի շարք առերևույթ չարաշահման փաստեր, համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկներում կիրառված՝  ելակետային տվյալների սխալ ցուցանիշներ, դպրոցական սննդի տրամադրման գործընթացներում կազմակերպչական բնույթի թերություններ, ինչպես նաև պետական միջոցների անարդյունավետ կառավարում՝ մի շարք ուղղություններով: Մասնավորապես՝ Կոտայքի մարզում տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների տեսքով պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները նշված ժամանակահատվածում հաշվարկվել են ոչ ճշգրիտ՝ շուրջ 619 մլն ՀՀ դրամով պակաս ելակետային տվյալների հիման վրա։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Կառավարության համապատասխան որոշման խախտման արդյունքում ավել է ֆինսասավորվել շուրջ 191 մլն ՀՀ դրամ։ Ինչպես նաև, կազմակերպչական աշխատանքներում արձանագրվել են թերություններ և մի շարք  այլ խախտումներ, որոնց թվում՝ ժամկետանց և անորակ սննդամթերքի մատակարարում և  առկայություն պահեստներում, առանց համապատասխան փաստաթղթավորման  և ոչ սպանդանոցային ծագման մսամթերքի օգտագործում և այլն։ Ծառայության միջնորդության հիման վրա ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ իր լիազորություններից բխող ստուգողական գործառույթներ են իրականացվել մարզային ենթակայության մի շարք հանրակրթական դպրոցներում, ինչի արդյունքում հարուցվել են վարչական վարույթներ և տրվել են անորակ և ժամկետանց սննդի ոչնչացման կարգադրագրեր։ Հատկանշական է, որ որոշ կազմակերպություններ, չունենալով բավարար ռեսուրսներ կամ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իրականացրել են մեծածավալ մատակարարումներ մարզային ենթակայության դպրոցներին՝ բազմաթիվ խախտումներով և սահմանված նորմերի շրջանցմամբ։ Բացի դրանից, Կոտայքի մարզի ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք սուբվենցիոն ծրագրերում արձանագրվել են վերահսկողության լուրջ թերություններ, որոնք հանգեցրել են պայմանագրային ժամկետների խախտման, շինարարական աշխատանքների որակի էական թերությունների՝ առերևույթ վնաս պատճառելով պետությանը։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների կողմից բավարար վերահսկողություն չի իրականացվել, և փաստացի չկատարված կամ նախագծային շեղումներով իրականացված աշխատանքների համար վճարվել է շուրջ 238 մլն ՀՀ դրամ։ Լոռու մարզպետի աշխատակազմում արձանագրված խախտումների՝ համայնքներին պետբյուջեից տրամադրված դոտացիաների առերևույթ խախտման ծավալը կազմում է 365 մլն ՀՀ դրամ, իսկ սուբվենցիոն ծրագրերի իրականացման շինարարական աշխատանքներում առերևույթ խախտումների թիվը կազմել է շուրջ 162 մլն ՀՀ դրամ։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում հայտնաբերվել են մոտ 40 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ, անհամապատասխանություններ են արձանագրվել նաև մարզպետի աշխատակազմում ներքին գործուղումների, աշխատավարձերի հատկացման, սոցիալական փաթեթների և տրանսպորտային փոխհատուցումների փաստաթղթերում։ Պետական ծրագրերով մարզում կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրված մի շարք խախտումներ և թերություններ արդեն իսկ վերացվել են կապալառու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև մի շարք փաստացի չկատարված, սակայն դրանց դիմաց փոխհատուցված աշխատանքների իրականացման վերաբերյալ ձեռք են բերվել թերությունների շտկման և միջոցների վերականգնման հստակ պայմանավորվածություններ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 56 մլն ՀՀ դրամ։ Ուսումնասիրության արդյունքները, «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով, զեկուցվել են վարչապետին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ հանձնարարելու համապատասխան գերատեսչություններին և լիազոր մարմիններին ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու, պետությանը պատճառված վնասները վերականգնելու, ինչպես նաև ձեռնարկելու հստակ քայլեր՝ հետագայում նմանօրինակ խախտումները բացառելու նպատակով։ Ուսումնասիրության  արդյունքներն ամփոփոխ տեղեկանքները  ներկայացվել են   համապատասխանաբար Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին, որոնցից ստացված կարծիքների կապակցությամբ կազմվել են ամփոփաթերթեր՝ ՊՎԾ դիրքորոշումներով, որոնք էլ սահմանված կարգով կցվել են  ուսումնասիրության նյութերին։   ՀՀ Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերում իրականացված վերահսկողության արդյունքները ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է ՊՎԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
18:49 - 16 դեկտեմբերի, 2024
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 270 մլն դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 270 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Սարգիս Ղարաքեշիշյանից և նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 բնակարան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքում գտնվող 4 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները. 4 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները. 1 իրավաբանական անձում մասնակցություն. 7 միլիոն դրամի 2 ավանդային միջոցներ. Շուրջ 45 միլիոն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ. 215,5 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
17:09 - 02 դեկտեմբերի, 2024
ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին

ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ` տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, համայնքապետերի և ՏԿԵՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը եղել է Ալավերդու մի շարք հատվածներում` նախ Սանահին կայարան թաղամասում, ապա Թումանյան փողոցում, այցելել Ախթալայի կամուրջ, քննարկել վերականգնման աշխատանքների ընթացքը։ Աշխատանքային այցի ընթացքում նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Քարկոփ բնակավայրում պետական փոխհատուցմամբ վերանորոգվող բնակարաններ, բնակիչների հետ քննարկել ծրագրի հետ կապված մանրամասները։
19:19 - 29 նոյեմբերի, 2024
Կողոպտել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի՝ Լոռու մարզում գտնվող Այցելուների կենտրոնը

Կողոպտել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի՝ Լոռու մարզում գտնվող Այցելուների կենտրոնը

Նախորդ գիշեր կողոպուտի է ենթարկվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) Լոռու մարզում գտնվող Այցելուների կենտրոնը: Այս մասին տեղեկանում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:  «Բարեգործական կառույց և սոցիալական ձեռնարկատիրություն, որի գործունեությունն ու ողջ հասույթն ուղղված է Լոռու մարզի և Հայաստանի մանուկների հզորացմանը։ Այցելուների կենտրոնը տարիներ շարունակ նպաստել է Դեբեդի կիրճի տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալի զարգացմանը, որպես վաճառքի հարթակ է ծառայել մարզում գործող մի քանի տասնյակ ձեռներեցների համար` հասանելի դարձնելով տեղական արտադրանքը զբոսաշրջիկների համար։ Կողոպուտի հետևանքով հիմնադրամին հասցվել է էական վնաս։ Այս հանցանքը պարզապես նյութական արժեքների մասին չէ, սա գողություն է մեր երկրի ապագայից, այսօրվա Հայաստանի մանուկներից և գալիք սերունդներից, որոնց համար մեր հիմնադրամն ամեն օր իրենց երազանքներին հասնելու հնարավորություն է ստեղծում արդեն 20 տարի:  Խստորեն դատապարտում ենք կատարված հանցագործությունը, որն ուղղակիորեն հարվածում է ՔՈԱՖ-ի և մեր հիմնադրամի հարյուրավոր աջակիցների բարեգործական ջանքերին»,- նշված է հաղորդագրության մեջ:   
15:11 - 13 նոյեմբերի, 2024
Վրաստանի դեսպանը քննադատել է Սալոմե Զուրաբիշվիլիին Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար |armenpress.am|

Վրաստանի դեսպանը քննադատել է Սալոմե Զուրաբիշվիլիին Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։   Դեսպանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։  -Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան անձնական էջում կիսվել էր վրացական զբոսաշրջային օպերատորներից մեկի գրառմամբ, որը որոշակի կրքեր է բորբոքել հայ հասարակության շրջանում։ Ի՞նչպես կմեկնաբանեք այն։ -Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բացի այդ, մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։  2024 թվականին Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը այդ հարաբերությունները բարձրացրել են որակապես նոր մակարդակի վրա, որն ապագայում էլ ավելի կխորացնի մեր բազմաբնույթ համագործակցությունը և դրականորեն կազդի տարածաշրջանի կայունության և զարգացման վրա։  Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության և վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրերս «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որում Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։ Վրաստանի նախագահի հրապարակումից որոշ ժամանակ անց վրացական տուրօպերատորը խմբագրել էր իր ռեպորտաժը՝ նշելով, որ տուր են կազմակերպում դեպի Հայաստան։   
17:28 - 07 նոյեմբերի, 2024
Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին |civilnet.am|

Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին |civilnet.am|

civilnet.am: Լրատվամիջոցներում և սոցցանցերում լայնորեն քննարկվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք է ներկայացված։ Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, և նախագահն իր պաշտոնական էջում երբևէ նման գրառում չի արել։ #CivilNetCheck-ի ընթերցողներից մի քանիսը խնդրել էին պարզել՝ արդյոք ֆեյսբուքյան էջը պատկանո՞ւմ է Վրաստանի նախագահին։ Տարածված հրապարակման մասին Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջը տարածել էր (share) «Adjara Voyage» ֆեյսբուքյան էջի գրառումը, որում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել «պատմական Վրաստանի տարածք՝ Լոռի և Տաշիր»։ Արդյոք ֆեյսբուքյան էջը պատկանո՞ւմ է Վրաստանի նախագահին Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ֆեյսբուքյան էջում իսկապես որևէ գրառում չկա «պատմական Վրաստանի մաս Լոռու և Տաշիրի» մասին, բայց Վրաստանի նախագահն ունի նաև ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջ, որտեղ պարբարաբար գրառումներ է անում և հրապարակումներ տարածում։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատեցին, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ։ «Փաստերի ստուգման հարթակը» եւս պարզել է, ֆեյսբուքյան անձնական օգտահաշիվը, որը կիսել է համապատասխան գրառումը, պատկանում է Զուրաբիշվիլիին։    Այսպես, վրաստանյան փաստեր ստուգող լրատվամիջոց factcheck.ge-ն 2024 թվականի հունվարին ստուգել էր վրաստանյան տեղեկատվական տիրույթում Զուրաբիշվիլիին վերագրվող մի գրառում:  Պարզելու համար, թե արդյո՞ք Վրաստանի նախագահը նման գրառում արել էր, թե ոչ, վրաստանցի գործընկերներն ուսումնասիրել էին ոչ միայն Զուրաբիշվիլիի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, այլ նաև նրա անձնական օգտահաշիվը, որը հենց այն օգտահաշիվն է, որտեղ օրեր առաջ հրապարակվել էր հայկական տարածքները պատմական Վրաստան ներկայացնող հրապարակումը։  
11:24 - 05 նոյեմբերի, 2024
ԵՄ անդամ 14 երկրի դեսպաններ այցելել են Լոռու մարզ

ԵՄ անդամ 14 երկրի դեսպաններ այցելել են Լոռու մարզ

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության 14 երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ այցելել են Լոռու մարզ։ Այս մասին նշված է Վանաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ։   «Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է Եվրոպական միության և առանձին երկրների հետ Վանաձորի հաջողված համագործակցության մասին։ Արկադի Փելեշյանը հատուկ ընդգծել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը մի շարք ձեռքբերումներ է ունեցել»,- նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։  Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։   «Պատվիրակության այցը կշարունակվի Լոռու մարզի այլ համայնքներում», - նշված է գրառման մեջ։  Լոռու մարզ կատարած այցի վերաբերյալ X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ նշելով․ «Այսօր ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ միասին ուղևորվում ենք Լոռու մարզ։ Տրանսպորտ, տեղական զարգացում, աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին»։
15:43 - 17 հոկտեմբերի, 2024
Դիակը տեղափոխել են Ստեփանավանի մոտակա դաշտավայր, որտեղ հրկիզել են այն և թաղել. 4 անձ կալանավորված է

Դիակը տեղափոխել են Ստեփանավանի մոտակա դաշտավայր, որտեղ հրկիզել են այն և թաղել. 4 անձ կալանավորված է

Բացահայտվել է 2024 թ. հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռու մարզի Լոռի բերդ համայնքում կատարված սպանությունը, հայտնաբերվել է տուժողի՝ տևական ժամանակ փնտրվող մարմինը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ նշված օրը 3 ընկերներ, այդ թվում՝ մեկն անչափահաս, և վերջինիս եղբայրը, գտնվելով Լոռի բերդ բնակավայրի տներից մեկում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ստեփանավան քաղաքի բնակիչ Հ.Մաղաքյանին, ապա վերջինիս դին OPEL VECTRA մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և թաքցրել են այլ վայրում։ «Կատարված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ դիակը տեղափոխել են Ստեփանավան քաղաք մոտակա դաշտավայր, որտեղ հրկիզել են այն և թաղել։ Դիակը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ին։ Նշված անձանցից 3-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ անչափահաս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
16:11 - 09 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա այց են իրականացրել Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Այցերի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բուժօգնության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, սննդի որակի հետ կապված հարցերը և այլն։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել շարքային, ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների հետ, քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի տարբեր հարցեր, այդ թվում՝ սոցիալական ապահովության, կրթական ցենզի բարձրացման, ատեստավորման գործընթացի, բնակարանային ապահովության, առողջության պահպանման, սոցիալ-կենցաղային պայմանների և այլնի հետ կապված։ Առանձին հանդիպում է անցկացվել զորամասի կանանց խորհրդի հետ, քննարկվել են կին զինծառայողներին հետաքրքրող տարբեր հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց լուծման մեխանիզմների մասին: Այցերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ներկայացուցիչները դրսևորել են համագործակցության բարձր մակարդակ։ Պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտում է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր ամենօրյա ուշադրության ներքո են: Ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։ Նշված այցերի արդյունքները ևս ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, որով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն։
10:25 - 09 հոկտեմբերի, 2024