civilnet.am: Լրատվամիջոցներում և սոցցանցերում լայնորեն քննարկվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք է ներկայացված։
Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, և նախագահն իր պաշտոնական էջում երբևէ նման գրառում չի արել։
#CivilNetCheck-ի ընթերցողներից մի քանիսը խնդրել էին պարզել՝ արդյոք ֆեյսբուքյան էջը պատկանո՞ւմ է Վրաստանի նախագահին։
Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջը տարածել էր (share) «Adjara Voyage» ֆեյսբուքյան էջի գրառումը, որում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել «պատմական Վրաստանի տարածք՝ Լոռի և Տաշիր»։
Արդյոք ֆեյսբուքյան էջը պատկանո՞ւմ է Վրաստանի նախագահին
Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ֆեյսբուքյան էջում իսկապես որևէ գրառում չկա «պատմական Վրաստանի մաս Լոռու և Տաշիրի» մասին, բայց Վրաստանի նախագահն ունի նաև ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջ, որտեղ պարբարաբար գրառումներ է անում և հրապարակումներ տարածում։
#CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատեցին, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ։
«Փաստերի ստուգման հարթակը» եւս պարզել է, ֆեյսբուքյան անձնական օգտահաշիվը, որը կիսել է համապատասխան գրառումը, պատկանում է Զուրաբիշվիլիին։
Այսպես, վրաստանյան փաստեր ստուգող լրատվամիջոց factcheck.ge-ն 2024 թվականի հունվարին ստուգել էր վրաստանյան տեղեկատվական տիրույթում Զուրաբիշվիլիին վերագրվող մի գրառում:
Պարզելու համար, թե արդյո՞ք Վրաստանի նախագահը նման գրառում արել էր, թե ոչ, վրաստանցի գործընկերներն ուսումնասիրել էին ոչ միայն Զուրաբիշվիլիի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, այլ նաև նրա անձնական օգտահաշիվը, որը հենց այն օգտահաշիվն է, որտեղ օրեր առաջ հրապարակվել էր հայկական տարածքները պատմական Վրաստան ներկայացնող հրապարակումը։
comment.count (0)