Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման գործում. ՆԳ նախարար Վահե Ղազարյան
13:55 - 17 հուլիսի, 2024

Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման գործում. ՆԳ նախարար Վահե Ղազարյան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ:

«Հարգելի՛ աշխատակիցներ, համակարգի վետերաններ, գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ:

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարությունը կարևորում է սեյսմիկ պաշտպանությունը: Ծառայության արդիականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ համագործակցելով նաև միջազգային գործընկերների հետ։

Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցներն արել ու շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի սեյսմիկ անվտանգությունը, և ուժեղ երկրաշարժը չվերածվի համազգային աղետի, ինչպես եղավ 1988-ի դեկտեմբերին: Հենց Սպիտակի աղետալի երկրաշարժի դասերը հաշվի առնելով՝ 1991 թ. հուլիսի 17-ին ստեղծվեց միասնական պետական կառույց, որի գործունեության գլխավոր նպատակն էր պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցումը, սեյսմիկ անվտանգության ապահովումը:

Այդ նպատակն արդիական է նաև այսօր։

Հայաստանի Հանրապետությունն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման, ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման, երկրաշարժերից պաշտպանվելու վարքականոնները բնակչությանն ուսուցանելու, երկրաշարժից տուժածների որոնումն ու փրկարարական աշխատանքները համակարգելու գործում:

Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա նվիրյալ աշխատանքի համար և կրկին շնորհավորում մասնագիտական օրվա կապակցությամբ»,- ասված է ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել