Հայագիտական միջազգային կոնգրեսը համախմբել է աշխարհի տարբեր կրթագիտական հաստատությունների հայագետներին
18:10 - 19 հուլիսի, 2024

Հայագիտական միջազգային կոնգրեսը համախմբել է աշխարհի տարբեր կրթագիտական հաստատությունների հայագետներին

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում այսօր մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որին մասնակցում են 16 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունեց ներկաներին՝ ընդգծելով հայագիտության կարևորությունը՝ որպես հետազոտության, ճանաչողության, վերլուծության անսպառ աղբյուրի: Ըստ նրա՝ հայագիտությունը կարևոր է Հայաստանի համար պետության ամրապնդման տեսանկյունից:

«Հայագիտական կենտրոնների գործունեության ռազմավարական խնդիրներն այսօր առավել քան երբևէ արդիական են, ուստի առաջանում է զարգացման համար թիրախային նոր ուղղություններ սահմանելու անհրաժեշտություն: Նման ուղղություններից է Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառման բացման արարողության ընթացքում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես եկավ  «Հայագիտության միջազգայնացումը՝ ռազմավարական գերակայություն. Իրականացման ձևաչափով» խորագրով զեկույցով: 

Զեկույցում Հայոցյանն անդրադարձավ ոլորտի ֆինանսավորման ծրագրերին, պետական քաղաքականության առաջնահերթություններին, ՀՀ-ում հայագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի արդի իրավիճակին, ոլորտում ներդրված նոր ծրագրերին և ապագայի զարգացման տեսլականին:

Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին՝ Հայոցյանը փաստեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջանցիկ քայլերով ավելացնում է գիտության ոլորտում ֆինանսավորումը, որը 2018թ.թվականի համեմատ աճել է արդեն 2.5 անգամ, և ՀՆԱ-ի համեմատ կազմում է 0.43 տոկոս, նախկին 0.25 տոկոսի փոխարեն, որը համադրելի արժեք է Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:

Ուրվագծելով ոլորտի պետական քաղաքականության առաջնահերթությունները՝ Հայոցյանը նշեց, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով ամրագրված են վերջինիս չորս հիմնասյուները.

   - ենթակառուցվածքների զարգացումը՝ սարքերի/սարքավորումների ձեռքբերման և լաբորատորիաների վերազինման միջոցով, 

   - մարդկային ռեսուրսների խթանումը՝ գիտնականների թվաքանակի նվազումը կանխելու, ինչպես նաև երիտասարդ գիտնականների ներգրավման միջոցով,

   - պետական ֆինանսավորման արդյունավետության ապահովումը, այդ թվում՝ գիտական պաշտոնների տարակարգերի և նվազագույն բազային աշխատավարձերի սահմանման ու ատեստավորման միջոցով, 

    - պետական քաղաքականության հստակեցումը:

«Պետական քաղաքականության ավելի թիրախային կիրարկման շնորհիվ հնարավոր է դարձել հաղթահարել 2017թ.-ից ի վեր գիտնականների թվաքանակի շարունակական նվազումը՝ 2022թ.-ից գրանցելով թվաքանակի ամենամյա աճ, որում նախորդ տարի գերակշռել են ոլորտ մուտք գործող երիտասարդ գիտնականները»,- նշեց Հայոցյանը՝ ընդգծելով, որ սերնդափոխությունը գիտության ոլորտում ևս մեկ առաջնահերթություն է:

Կոմիտեի նախագահը ներկայացրեց նաև ԲԿԳԿ կողմից իրականացվող մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող են դիմել նաև արտերկրում գործող առաջատար գիտաշխատողները, այդ թվում հայագիտության և հումանիտար գիտությունների ոլորտում՝ հայաստանյան գիտնականների հետ համագործակցությամբ հիմնելով նոր գիտական ստորաբաժանումներ հեռավար ձևաչափով կամ անձամբ տեղափոխվելով Հայաստան, ինչպես նաև հայաստանյան գիտակրթական հաստատություններում իրականացնելով հետդոկտորական հետազոտություններ:

Առանձին անդրադարձ կատարվեց հայաստանյան գիտաշխատողների և ասպիրանտների/հայցորդների՝ արտերկրյա առաջատար բուհերում վերապատրաստումների, միջազգային առաջատար գիտական ամսագրերում հրապարակման աջակցության ծրագրերի, ինչպես նաև գիտական խմբերի մեկնարկի, ամրապնդման և առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթների նպատակներին և թվային ցուցանիշներին:

Կոմիտեի կողմից նախորդ տարի կազմակերպված թվով 20 դրամաշնորհային ծրագրերի շարքում, Հայոցյանը հատուկ անդրադարձ կատարեց «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ - 2024» մրցույթին, որի շրջանակում 2024թ. ֆինանսավորման է երաշխավորվել միջազգային գործընկերոջ ներգրավմամբ եռամյա 26 գիտական նախագիծ, յուրաքանչյուրը՝ մոտ 25 մլն դրամ արժողությամբ:

Հայագիտության և հումանիտար ոլորտների ապագայի զարգացման տեսլականին անդրադառնալով՝ Կոմիտեի նախագահը կարևորեց մշակման փուլում գտնվող ռազմավարական երկու փաստաթուղթ՝ ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2025-2029թթ. ռազմավարությունը և Հայագիտության և հումանիտար գիտությունների ոլորտներում ՀՀ ռազմավարությունը, որտեղ կուրվագծվեն ոլորտի զարգացման ուղենիշները և պետական քաղաքականության ակնկալիքները:

Ոլորտի ներկա մարտահրավերների և ապագայի անելիքների մասին խոսելով՝ Հայոցյանը նշեց, որ թեպետ գիտության ֆինանսավորման ընդհանուր ծավալի մոտ ¼-ը բաժին է ընկնում հասարակագիտական, հայագիտական և հումանիտար գիտություններին, սակայն Web of Science գիտատեղեկատվական շտեմարանում ինդեքսավորված միջազգային պարբերականներում հրապարակումների քանակական և որակական ցուցանիշները դեռևս բարելավման կարիք ունեն: Մարտահրավերներից մյուսն այն է, որ ՀՀ-ում ներկայումս առկա 32 հայագիտական/հասարակագիտական պարբերականներից որևէ մեկը դեռևս ինդեքսավորված չէ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում:

Հայոցյանի պնդմամբ այս մարտահրավերների հաղթահարման հնարավոր լուծումներից է պետական աջակցության ցուցաբերումը հայագիտական պարբերականներին՝ միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարաններից որևէ մեկում ինդեքսավորվելու համար:

Մատենադարանում նույն օրը կազմակերպվել է նաև «Գրատոն» միջացառումը, որի շրջանակում ցուցադրվել են հայագիտական կառույցների և տարբեր հրատարակչությունների հրատարակած տարաբնույթ գրքերը, հանդեսները, պատկերագրքերը:

Միջազգային հայագիտական կոնգրեսի աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի 22-ը. քննարկումներ են նախատեսված նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել