Ջրհեղեղից քանդված Մ 6 միջպետական ճանապարհի վնասված 28 հատվածներից 27-ում ավարտվել է հողի լիցքի տեղադրումը․ Լոռու մարզպետարան
16:01 - 20 հուլիսի, 2024

Ջրհեղեղից քանդված Մ 6 միջպետական ճանապարհի վնասված 28 հատվածներից 27-ում ավարտվել է հողի լիցքի տեղադրումը․ Լոռու մարզպետարան

Հուլիսի 20֊ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում են ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմից․
 
«Ներկա են եղել մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, պատասխանատու այլ կառույցների ներկայացուցիչներ: 

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ  տնօրեն Մուկուչ Տիտանյանը մարզի ղեկավարին է ներկայացրել Մ6 միջպետական ճանապարհի, ինչպես նաև մարզային ենթակայության  ճանապարհների՝ աղետի հետևանքով վնասված հատվածների վերականգնմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Նա տեղեկացրել է, որ Մ 6 միջպետական ճանապարհի վնասված 28 հատվածներից 27-ում ավարտվել է հողի լիցքի տեղադրումը և մեկնարկել են խճապատման աշխատանքները, որոնք կշարունակվեն շուրջ 3 օր: Ավարտից հետո, շուրջ տասը օր անց կիրականացվի ասֆալտապատումը: Ճանապարհի միայն մեկ հատվածում աշխատանքները հետաձգվել են ջրատար խողովակի մակերեսային տեղակայման պատճառով: Առաջիկայում լուծում կստանա նաև այդ խնդիրը, և հնարավոր կլինի վերականգնման աշխատանքներ իրականացնել նաև այդ հատվածում:

Մարզային ենթակայության ճանապարհների վնասված ճանապարհահատվածներից Շնող-Թեղուտ հատվածում ավարտվել է լիցքը, այն երկկողմանի երթևեկելի է: Ախթալայի կամրջից մինչև Ախթալայի երկաթուղային գծանց ընկած հատվածում ևս իրականացվում է լիցք.  աշխատանքները կավարտվեն հաջորդ շաբաթվա ընթացքում: 

Ներհամայնքային ճանապարհների  վնասված հատվածներում ևս աշխատանքները մեկնարկել են:
Ա. Ղազարյանը հանձնարարել է աշխատանքներում առավել օպերատիվություն ցուցաբերել՝ օր առաջ դրանք ավարտին հասցնելու նպատակով:

Մարզի ղեկավարին է ներկայացվել նաև հեղեղված բնակավայրերի բնակիչներին աղետի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում տրամադրված պարենային աջակցության և հագուստի բաշխման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
Քննարկվել են իրականացված աշխատանքների ֆինանսավորման գործընթացի հետ կապված հարցեր ևս: 

Ա. Ղազարյանը հանձնարարել է լինել առավել հետևողական և տարվող աշխատանքներում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն:

Անդրադարձ է կատարվել  նաև ՀՀ կառավարության համապատասախան որոշմամբ աղետից տուժած բնակիչներին փոխհատուցման տրամադրումը կազմակերպելու նպատակով մեկնարկած դիմումների ընդունման գործընթացին: Այս առումով կարևորվել է ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել