news.am: Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում նախօրեին խոշոր հրդեհից զոհվածը տարեց կին է՝ Արեւիկ Ցաքանյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է հրդեհված շենքի բնակիչներից Լեւոն Մարգարյանը, որը մանրամասներ պատմեց դեպքից:
«Գիշերը ժամը 4-ին շուխուռ են դրել, որ շենքը վառվում է, մարդ կա իրեն պատուհանից է դուրս գցել, մարդ կա դուրս է եկել, կա մեկ զոհ, մեկ հոգի էլ ծանր վիճակում է: Մնացածը, փառք Աստծո, կարողացել են դուրս գալ»,- պատմեց նա:
Բնակիչը պատմեց, որ տանը մի փոքր գումար է ունեցել, ոսկեղեն, կահույք է եղել բնակարանում, որը ամբողջապես վնասվել է:
«Երեք սենյականոց էր իմ բնակարանը, որից մեկ սենյակը, խոհանոց, բաղնիք, զուգարանը լրիվ չկա, էդ կարգի է: Հրդեհի ուղղությունը երկորրդ մուտքից է եկել, մեր մուտքը առաջինն է: Ես երկրաշարժի ժամանակ մեկ սենյականոց տուն եմ կորցրել, ինձ սա տրամադրեցին եւ ասացին, որ ընդամենը երեք տարով է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։
Հրդեհի հետեւանքով կա 1 զոհ, 8 վիրավոր:
comment.count (0)