Հունիսի 14-ին` ժամը 19:30-ից սկսած, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ քամու հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է արձագանքում»,- ասվում է ծառայության հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երեկոյան Հայաստանի հյուսիսային որոշ շրջաններում ուժգին քամիներ են եղել, որոնց հաջորդել է խոշոր չափերով կարկուտը (տեսանյութը՝ այստեղ)
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ։
comment.count (0)