Նեթանյահուն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, միաժամանակ Կապիտոլիումի շենքի առջև ցույցեր էին՝ ընդդեմ Գազայում տեղի ունեցողի
14:21 - 25 հուլիսի, 2024

Նեթանյահուն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, միաժամանակ Կապիտոլիումի շենքի առջև ցույցեր էին՝ ընդդեմ Գազայում տեղի ունեցողի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ ելույթ է ունեցել Կոնգրեսի համատեղ նիստին: Այս մասին գրում է  Al Jazeera լրատվական գործակալությունը։

Նեթանյահուն կոնգրեսում ելույթի ժամանակ գովաբանել է ԱՄՆ դաշնակիցներին․
«Լավ և վատ ժամանակներում Իսրայելը միշտ կլինի ձեր հավատարիմ ընկերը: Իսրայելի ժողովրդի անունից ես այսօր եկել եմ այստեղ՝ շնորհակալություն հայտնելու, Ամերիկա», - ասել է նա:

Նեթանյահուն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև ցուցարարներին։ Նշենք, որ Կապիտոլիումի շենքի մոտ հազարավոր ցուցարարներ էին հավաքվել Նեթանյահուի ելույթի ժամանակ՝ դատապարտելու Գազայում տեղի ունեցող դեպքերը, որը նրանք անվանում են ցեղասպանություն։ Այս ցույցերը նաև շարունակվել են Կոնգրեսի դահլիճներում: Օրինակ, Կոնգրեսի ներկայացուցիչ Ռաշիդա Թլայբը բարձրացրել էր մի ցուցանակ, որի վրա գրված էր «մեղավոր է ցեղասպանության համար», իսկ ցուցանակի մյուս կողմում էլ գրված էր «ռազմական հանցագործ»։

Այս ամենին անդրադառնալով՝ Իսրայելի վարչապետը նշել է․ «Շատերը նախընտրում են կանգնել չարի հետ: Նրանք կանգնած են ՀԱՄԱՍ-ի հետ: Նրանք կանգնած են բռնաբարողների և մարդասպանների կողքին»։ 

Վարչապետ Նեթանյահուն նաև անդրադարձ է կատարել Միջազգային քրեական դատարանին, քանի որ մայիսին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը կոչ է արել Նեթանյահուին և նրա դաշնակիցներին ձերբակալության հրաման տալ՝ մեղադրելով նրանց «ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների» մեջ՝ Գազայում իրենց գործողությունների համար։

«Եթե Իսրայելի ձեռքերը կապված են, Ամերիկան ​​է հաջորդը։ Ես ձեզ կասեմ, թե ինչ է լինելու հաջորդը. ահաբեկչության դեմ պայքարելու՝ բոլոր ժողովրդավարական երկրների կարողությունը վտանգված կլինի»,- ասել է Նեթանյահուն՝ ավելացնելով, որ Հրեական պետության ձեռքերը երբեք կապանքներ չպետք է ունենան․ «Իսրայելը միշտ կպաշտպանի իրեն»։

Ներկայումս ԱՄՆ-ն չի ճանաչում ՄՔԴ-ի լիազորությունները, սակայն ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին դատավորների խումբը կքննարկի ձերբակալման հրաման տրամադրելու պահանջը:

Նեթանյահուն նաև բացատրել Իսրայելի կառավարության տեսլականը, թե ինչպես են պատկերացնում կյանքը պատերազմից հետո։ Նա նշել է, որ իսրայելական զորքերը պետք է վերահսկողություն ունենան Գազայի վրա։

««Համաս»-ին հաղթելու հաջորդ օրը կարող է նոր Գազա առաջանալ։ Այդ օրվա իմ տեսլականը ապառազմականացված Գազայի մասին է: Իսրայելը չի ​​ձգտում վերաբնակեցնել Գազայի հատվածը, բայց տեսանելի ապագայի համար մենք պետք է պահպանենք այնտեղ անվտանգության գերակա հսկողությունը՝ կանխելու ահաբեկչության վերածնունդը, որպեսզի Գազայի հատվածն այլևս երբեք սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար։ [...] Պաղեստինցիների նոր սերնդին այլևս պետք չէ սովորեցնել ատել հրեաներին, այլ ավելի շուտ ապրել մեզ հետ խաղաղության մեջ»,- ավելացրեց նա:

Չնայած իր տեսլականին՝ նա նաև նշել է, որ սա քաղաքակրթությունների բախում չէ, այլ սա բախում է բարբարոսության և քաղաքակրթության միջև։

«Սա բախում է մահը փառաբանողների և կյանքը սրբացնողների միջև: Որպեսզի քաղաքակրթության ուժերը հաղթեն, Ամերիկան ​​և Իսրայելը պետք է միասին կանգնեն: Որովհետև երբ մենք միասին ենք, շատ պարզ բան է տեղի ունենում՝ մենք հաղթում ենք, նրանք պարտվում են»,- Կոնգրեսին ասել է Նեթանյահուն:

Նա կոչ արել նաև ռազմական օգնությունն ավելացնել և ավելի արագ տրամադրել այն, չնայած ԱՄՆ-ն Իսրայելին արդեն ուղարկում է տարեկան 3,8 միլիարդ դոլար ռազմական օգնություն, իսկ ապրիլին նախագահ Բայդենը ստորագրել է օգնության փաթեթ, որը կտրամադրի մինչև 17 միլիարդ դոլար լրացուցիչ աջակցություն:

«ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կարող է կտրուկ արագացնել Գազայում պատերազմի ավարտը և օգնել կանխել ավելի լայն պատերազմ Մերձավոր Արևելքում»,- ասել է Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում:

Լուսանկարը՝ Ալեքս Վոնգ, Getty Imagies


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել