Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից 
18:06 - 29 հուլիսի, 2024

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից 

Առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի մասշտաբային իրադարձություն՝ Հայաստան կժամանեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից։ WCIT2024/DigiTec-ի շրջանակում BANA Angels-ը ստեղծել է հատուկ հնարավորություն, որի շնորհիվ արտերկրի ներդրողները կարող են դիմել, հավատարմագրվել և WCIT2024/DigiTec-ի օրերին լինել Հայաստանում։ Այս մասին հայտնում են կազմակերպությունից։

Investor Tour (Ներդրողների տուր) միջոցառման շրջանակում նրանք ոչ միայն կայցելեն կոնֆերանսի տարածք, այլև կբացահայտեն Հայաստանի ստարտափների էկոհամակարգը։ 

«Մեր նպատակն է միջազգային ներդրողներին տրամադրել հայկական առաջատար ստարտափների լանդշաֆտի համապարփակ պատկերացում և բովանդակալից կապեր զարգացնել տեղական ձեռնարկատիրական համայնքի հետ: Այս իրադարձության շնորհիվ, վստահ ենք, ներդրումների մեծ հոսք կբերենք Հայաստան և հայաստանյան ստարտափներ։ Մասնակցելով իրադարձությանը՝ ներդրողները հնարավորություն կունենան այցելել Հայաստանի ամենահաջողակ տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսը, համագործակցել ձեռներեցների հետ և ուսումնասիրել տարածաշրջանի աճը խթանող նորարարական նախագծերը: Մենք հավատում ենք, որ ներդրողների այցը ոչ միայն կընդգծի Հայաստանում ներդրումային հնարավորությունները, այլև կայուն կապեր կստեղծի միջազգային ներդրողների և տեղական ստարտափների միջև»,-նշում է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։ 

Բացի մասնագիտական ​​ներգրավվածություններից, ներդրողների այցի ծրագրում ներառված են նաև մշակութային միջոցառումներ, որոնք նախատեսված են Հայաստանի հարուստ ժառանգության և ժամանակակից մշակույթի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Պատմական տեսարժան վայրերով էքսկուրսիաներ, տեղական խոհանոցի բացառիկ նմուշների համտես, ավանդական տոնակատարություններին մասնակցություն․ կազմակերպիչները վստահ են՝ ներդրողներն անպայման սիրելու են Հայաստանը։ 

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

Ներդրողների տուրի մանրամասները՝ https://www.wcit2024-digitec.com/investor-tour 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել