ԲՏԱ նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. նախարար |1lurer.am|
17:19 - 09 հունիսի, 2025

ԲՏԱ նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. նախարար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Մանրամասն ներկայացնելով իրականացված ծրագրերն ու միջոցառումները՝ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի համար հատկացվել է 677 մլն դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 94 տոկոս:

Հեռահաղորդակցության ապահովման ծրագրի շրջանակում հատկացվել է 2,3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95.8 տոկոս: Հատկացված միջոցներն ուղղվել են 4 միջոցառումների իրականացմանը:

ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ու հեռահաղորդակցության ու կապի կանոնակարգման միջոցառման համար հատկացվել է 2,3 մլրդ դրամ: Նշված գումարով հանրապետության 10 մարզկենտրոններում «Ռադիոհսկման կայանների կառուցում և համակարգի ներդրում» միջոցառման շրջանակում ամբողջությամբ իրականացվել են 2024 թվականի համար նախատեսված ռադիոմոնիթորինգի  և տեղորոշման 19 չսպասարկվող ստացիոնար կայանների տեղակայման, գործարկման, տվյալների փոխանակման միասնական ցանցին ինտեգրման և շահագործման աշխատանքները:

Թվայնացման աշխատանքների համար բյուջեով նախատեսված է եղել 10 մլրդ դրամ, սակայն բուն բովանդակային իմաստով կատարողականը կազմել է 16,3 տոկոս: Բյուջեի մնացած հատվածը վերաբաշխման միջոցով տրվել է մի շարք գերատեսչությունների տարբեր միջոցառումների համար:

Մխիթար Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով հստակեցումներ հաշվետվության ներկայացված ծրագրերի, միջոցառումների վերաբերյալ:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաքելությունը քաղաքականությունների մշակումն է»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ 2024 թվականին երկու կարևոր՝ «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծեր են մշակվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել