news.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ուրախ է, որ հանրային սննդի վայրերում աղամանների ազատ կիրառությունն արգելող օրենքի նախագիծը հանրային լայն քննարկման է արժանացել՝ անգամ չընդունված։ Այդ մասին նա ասաց այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Շատ ուրախ եմ, որ այդ նախագիծը մեծ արձագանք ստացավ՝ անգամ չընդունված, աշխատեց, և որոշակի մարդկանց մոտ արձանագրում եղավ, թե իրենք ինչքան աղ են օգտագործում իրենց ռացիոնի մեջ, շարունակաբար աշխատելու ենք մեր վարքագծային փոփոխության համար»,- ասաց Ավանեսյանը։
Արձագանքելով լրագրողի խնդրանքին, որ պետք է նախարարությունը հայտարարություն անի, որ նման օրինագիծ չկա, մարդիկ չվախենան աղամանը սեղաններին դնել, նա պատասխանեց. «Կարծում եմ` որևէ մեկը չի վախենում»:
Նախարարը հավելեց՝ բոլոր քայլերին դիմում են մեր քաղաքացիների առողջության համար։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում էր «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։ Ըստ նախագծի` հանրային սննդի օբյեկտներում արգելվելու էր աղաման դնել սեղանին` առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում տնտեսվարողը կտուգանվեր 30 հազար դրամով:
comment.count (0)