ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի (ID քարտերի) շարունակական տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ՆԳ նախարարությունն առաջարկել է ձեռք բերել 150 000 հատ «անձնագրեր» (722 միավոր գնով)։ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության արժանացավ։ Անձնագրերի ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվելու է 108 300 դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ 2023թ. հաշվետու տարվա համար ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագրերը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որի համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ։ Դրանով պայմանավորված՝ 2024թ հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն արդեն իսկ տրամադրել է 71 548 նույնականացման քարտ, որը գերազանցում է 2023 թ տրամադրված նույնականացման քարտերի թիվը 7 105 հատով (2023թ. ընթացքում տրամադրվել է 64 442 հատ)։ 2024թ. 1-ին կիսամյակում նույնականացման քարտերից փաստացի մուտքերը կանխատեսվել են 107 100 դրամ, իսկ փաստացի մուտագրվել է 229 089 դրամ։
Եւ քանի որ նշված գնման համար նախատեսված բյուջեն բավարար չէ պահանջարկը բավարարելու համար, նույնականացման քարտերի տրամադրման աշխատանքների անխափան գործընթացի բնականոն շարունակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել ևս 150 000 հատ նույնականացման քարտ։ Գնումը առաջարկվում է իրականացնել «հրատապ մեկ անձ» գնման ձևով, քանի որ, ըստ ՆԳՆ-ի, ծագել է գնման անհետաձգելի պահանջ և արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։
comment.count (0)