Չէի ուզենա, որ աջակցության փաթեթների հետ կապված քրեական գործերի փաթեթներ ստանանք. Փաշինյանը՝ հեղեղումներից տուժածների ծրագրի մասին
 |1lurer.am|
13:11 - 15 օգոստոսի, 2024

Չէի ուզենա, որ աջակցության փաթեթների հետ կապված քրեական գործերի փաթեթներ ստանանք. Փաշինյանը՝ հեղեղումներից տուժածների ծրագրի մասին |1lurer.am|

1lurer.am: Չէի ուզենա, որ աջակցության փաթեթների հետ կապված քրեական գործերի փաթեթներ ստանանք, տարբեր հավելագրումներ: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների փոխհատուցման համար նախատեսված ծրագրին:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հանձնաժողովն աշխատանք արե՞լ է, որ հետին թվով գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակներ չավելանան:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց՝ աջակցության տրամադրման համար կա պայման, որ հունվարի դրությամբ պետք է գյուղատնտեսական կենդանիները հաշվառված լինեն ծխամատյաններում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց՝ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են՝ որտեղ ինչ կորուստներ են եղել, և այդ հանձնաժողովների եզրակացությունները հանրապետական հանձնաժողովների ձեռքի տակ են:

«Մենք ասում ենք՝ ելակետը հանձնաժողովի եզրակացությունն է, դա ենք համեմատելու, տեսնենք՝ եթե այդ հանձնաժողովի եզրակացության մեջ գրված է, գրանցված է նաև ծխամատյանում, ապա որոշված արժեքի 100 տոկոսն ենք տալու: Եթե այդ հանձնաժողովները արձանագրել են, գիտեն հարևաններով, որ տանը 2 խոզ է եղել, նայում ենք, տեսնում ենք, որ ծխամատյաններում գրանցված չի եղել, հաշվի առնելով, որ ծխամատյանում գրանցելու ավանդույթն ընդունված չէ, այդ դեպքում կեսը կտանք ամբողջ արժեքի»,- ասաց փոխվարչապետը:

Հիշեցնենք, որ աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների աջակցության ծրագրի համաձայն՝ աջակցություն է տրամադրվում համայնքների տնտեսությունների գրքերում հաշվառված, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված, կենդանիների համար գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Օրինակ՝ ցուլ (1 գլխի համար)՝ կտրամադրվի 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար, խոզ՝ 100 հազար, խոճկոր՝ 40 հազար, ոչխար և այծ՝ 50 հազար, գառ՝ 40 հազար դրամ, ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար, ճագար՝ 3000 դրամ, հավ՝ 2500, բադ՝ 4000 դրամ, սագ՝ 5000, հնդկահավ՝ 7000, մեղվափեթակ՝ 60 հազար, ծիածանափայլ իշխանի մայրական կազմ՝ 2400 դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել