ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2024 թ. օգոստոսի 23-ին՝ ժամը՝ 00։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն Աճառյան 1 հասցեի մոտ կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդ։
«Անձին առևանգելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով Ոստիկանության բաժանմունք է տեղափոխել Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող 6 անձ՝ նրանցից մեկի կողմից վարած նշված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով, և նրանց կողմից նշված վայր կանչված ՀՀ քաղաքացի հանդիսացող, Վայոց ձորի մարզի 36-ամյա մի տղամարդ՝ վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով։ Անձնական խուզարկությամբ Հնդկաստանի քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, «EKOL P 29» գրառմամբ գազային ատրճանակ՝ փամփշտատուփով` լիցքավորված գազային փամփուշտներով:
Դեպքի առթիվ 2024 թ. օգոստոսի 23-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերոնշյալ 7 անձինք ձերբակալվել են։ Բեռնախցիկում հայտնաբերված անձը ճանաչվել է տուժող։
Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի։
Քննչական բաժնում իրականացված ծավալուն և անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Վայոց ձորի բնակիչ 36-ամյա տղամարդը 2024 թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող իր գրասենյակում վարույթով տուժող, Հնդկաստանի 32-ամյա քաղաքացուց պահանջել է իր կողմից վերջինիս շահագործմանը հանձնված «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան նույն ամսին վթարի ենթարկելու հետևանքով իրեն պատճառած վնասի գումարը։ Սակայն տուժողը, գումար չունենալու պատճառաբանությամբ, մերժել է պահանջը։ Դրանից հետո, 36-ամյա տղամարդը հեռախոսազանգի միջոցով իր մոտ՝ գրասենյակ է կանչել Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող, ձերբակալված անձանցից մեկին:
Քիչ անց՝ ժամը 20:00-ի սահմաններում, վերջինս իր կողմից շահագործվող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով իր 5 հայրենակիցների հետ ժամանել է նշված վայր։ 36-ամյա ՀՀ քաղաքացին նրանց հետ քննարկել է տուժողից իրեն վճարվելիք գումարի ստացման եղանակները: Այդ ընթացքում տվյալ հասցե է գնացել նաև տուժողի ընկերուհին:
Քննարկման ընթացքում ՀՀ քաղաքացին, մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքի, վախեցնելու նպատակով, օդ է կրակել՝ նա և մյուս 6 անձինք տուժողից պահանջել են մինչև 1 500 000 ՀՀ դրամ գումար, սպառնացել նաև, որ հակառակ դեպքում վերջինիս կտեղափոխեն այլ վայր, որտեղ կպատճառեն մարմնական վնասվածքներ, կտեսանկարահանեն և այն կտեղադրեն ինտերնետ հարթակում։
Լսելով տուժողի և վերջինիս ընկերուհու՝ գումար չունենալու վերաբերյալ պատասխանը՝ ՀՀ 36-ամյա քաղաքացին պահանջել է առևանգել տուժողին, որից հետո նրա հրավերով ժամանած Հնդկաստանի 6 քաղաքացիները, խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով մեկը մյուսի գործողությունները, տուժողին, իր կամքին հակառակ, նրա մարմնի տարբեր մասերից բռնելով, մտցրել են վերոնշյալ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, իսկ խմբի անդամները նստել են նույն մեքենան և վարել այն՝ այդ կերպ տուժողին ապօրինաբար տեղափոխելով այլ վայր:
Որոշակի տարածություն անցնելուց հետո «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից և զննության արդյունքում Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում:
Ձեռք բերված տվյալների հիման վրա ձերբակալված ՀՀ քաղաքացի 36-ամյա անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգումը կազմակերպելը), իսկ Հնդկաստանի նշված 6 քաղաքացիներին՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգելը)։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերոնշյալ բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք ամբողջությամբ բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
comment.count (0)