Շոյգուի նախկին տեղակալին կալանավորել են խարդախության համար |factor.am|
18:39 - 29 օգոստոսի, 2024

Շոյգուի նախկին տեղակալին կալանավորել են խարդախության համար |factor.am|

factor.am: ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովի դեմ քրեական գործ է հարուցվել խարդախության համար (ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Այս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախկին պաշտոնյան բերման է ենթարկվել։

Ըստ քննիչների՝ Պոպովը հարստացել է 2021–2024 թվականներին «Պատրիոտ» այգու հաշվին, որի զարգացման և շահագործման համար պատասխանատու է եղել որպես պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի տեղակալ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ իր ենթակաների միջոցով Պոպովը ստիպել է «Պատրիոտ» այգում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերություններին «շինմոնտաժային աշխատանքներ կատարել քաղաքից դուրս գտնվող իր բնակարանում՝ առանց դրա դիմաց վճարելու»։

Տան շինարարությունն ավարտելուց հետո Պոպովը, ըստ Քննչական կոմիտեի, այգու հաշվին «շարունակել է ապահովել իր  երեք հեկտար հողամասի տեխնիկական և տնտեսական պահպանումը»։

Քննչական կոմիտեն նշել է, որ Պոպովը և նրա ընտանիքի անդամներն ունեն «բազմաթիվ անշարժ գույք» Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Կրասնոդարի երկրամասում, ընտանիքին պատկանող անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 500 միլիոն ռուբլի:

Ըստ Կոմիտեի՝ Պավել Պոպովը գործել է այգու տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովի և ՌԴ ՊՆ նորարարական զարգացման գլխավոր տնօրինության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ միասին, որոնք ձերբակալվել էին օգոստոսի սկզբին՝ «Պատրիոտ» այգու գործունեության համար հատկացված բյուջետային միջոցների հափշտակության կասկածանքով։ Ավելի ուշ Ախմեդովը ձերբակալվել է, իսկ Շեստերովը տնային կալանքի տակ է։ Հուլիսի 23-ին «Պատրիոտ» այգում խուզարկություններ են տեղի ունեցել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել