Պուտինը չի մասնակցի ռուս-ուկրաինական բանակցություններին Թուրքիայում
 |azatutyun.am|
09:24 - 15 մայիսի, 2025

Պուտինը չի մասնակցի ռուս-ուկրաինական բանակցություններին Թուրքիայում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի մայիսի 15-ին Թուրքիայում Ուկրաինայի ղեկավարների հետ ուղիղ բանակցություններին: Այս մասին ասվում է Թուրքիա մեկնող ռուս բանակցողների և փորձագետների կազմի մասին Կրեմլի հայտարարության մեջ:

Համաձայն այդ հայտարարության՝ Պուտինը մայիսի 14-ին ստորագրել է հրաման, որով ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են չորս բանակցողներ և չորս փորձագետներ։ Պուտինը այդ կազմում ներառված չէ։

Բանակցություններին կմասնակցեն պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, որը երկու կողմերի միջև բանակցություններին մասնակցել է 2022 թվականին, պատվիրակությունը կգլխավորի Վլադիմիր Մեդինսկին՝ Պուտինի օգնականը, որը նույնպես մասնակցել է բանակցությունների վերջին փուլին ավելի քան երեք տարի առաջ:

Բանակցողներից է նաև Իգոր Կոստյուկովը՝ Գլխավոր հետախուզական վարչության տնօրենը, որը պաշտոնապես ներկայացվել է որպես Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Պուտինի բացակայությունը հստակ ազդանշան կլինի այն մասին, որ նա իրականում հետաքրքրված չէ խաղաղությամբ:

Կրեմլի պատվիրակության մասին տեղեկությունից հետո ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս չի մեկնի Թուրքիա: Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ դիտարկում է այնտեղ կանգառի հնարավորությունը Մերձավոր Արևելքի իր ներկայիս ուղևորության ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել