Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը կրակել է ոստիկանների ուղղությամբ․ մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Ոստիկանությունից հայտնել էին, որ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված է։
Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
comment.count (0)