Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին
09:35 - 10 սեպտեմբերի, 2024

Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել են ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը:

Հանդիպումներից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

«Եվ այսօր մենք պաշտոնապես ազդարարում ենք մի գործընթացի մեկնարկ, որի վերջնարդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ կողմից մուտքի արտոնագրերի (վիզաների) ռեժիմի ազատականացմանը։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը»,- հայտարարել է փոխվարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել