Իրանը համաձայն է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով |armenpress.am|
16:05 - 10 սեպտեմբերի, 2024

Իրանը համաձայն է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով |armenpress.am|

armenpress.am: Ունենալով պատմական և մշակութային բազմադարյա կապեր Հայաստանի Հանրապետության հետ՝ Իրանի կառավարությունն ունի այդ կապերը բոլոր բնագավառներում և բոլոր ուղղություններով խորացնելու ցանկություն։ Իրանական կողմին գոհացնում է փոխհարաբերությունների ներկա վիճակը, Թեհրանը պատրաստ է օգտագործել հնարավոր բոլոր կարողությունները՝ եղբայրական կապերը զարգացնելու համար։ 

Այդ կարծիքը հայտնեց Իրանի Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Մահամեդ Հասան Շեյխոլեսլամին՝ ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն- 2024» միջազգային համաժողովում։ Նրա բնորոշմամբ՝ Իրանի և Հայաստանի սահմանները խաղաղության, բարիդրացիության, հույսի և կյանքի սահմաններ են։           

«Իրանն այսօր շարժիչ ուժ է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար և պատրաստ է ամբողջությամբ կառուցողական գործընթացներին։ Այս համատեքստում մենք ողջունում ենք խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կարևորելով նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը երկու հարևանների միջև։ Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման գործում։ Կողմ ենք միասնական տարածաշրջանի հայեցակարգին՝ զարգացնելով բարիդրացիության կացութաձևը։ Անշուշտ, համաձայն ենք նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու, ինչպես նաև նրանց տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքը։ Մենք հարգում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շահերն այս տարածաշրջանում»,- ասաց Իրանի փոխարտգործնախարարը։ 

Նա հույս հայտնեց, որ Հարավային Կովկասը չի լինի հակամարտությունների կամ արտաքին մրցակցությունների ասպարեզ, ուստի իրանական կողմը կարևորում է համատեղ օրակարգերի հաստատումն ու հարգում է միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Դիվանագետի կարծիքով՝ հայկական կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնարար կետերից է տարածքային ամբողջականության, երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հարգումը, ինչին աջակցում է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։   Դիվանագետը շեշտեց, որ նորընտիր նախագահ Փեզաշքիանի վարչակազմի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հիմքում ընկած է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները խորացնելու գործառույթը։  

«Իրանն ունի խորքային քաղաքակրթական, պատմական ու մշակութային կապեր տեղի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ, որոնք ներառում են ընդհանուր ժառանգությունն ու բարիդրացիական հարաբերությունները։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանն ունի ռազմավարական մեծ նշանակություն այլ կենտրոնների համար։ Տարածաշրջանի անվտանգությունն ուղղակիորեն կապ ունի Իրանի հյուսիսային սահմանների հետ, ուստի մեզ համար էական է հարատև խաղաղության ու կայունության հաստատումը Հարավային Կովկասում։ Տնտեսական առումով մեր տարածաշրջանը կարևոր է էներգակիրների ու հանքանյութերի առկայության առումով։ Այստեղով են անցնում կենսական նշանակություն ունեցող էներգետիկ գազամուղերն ու նավթամուղեր։ Իրանը շահագրգռված է այդ հաղորդակցությունների արդյունավետ օգտագործմամբ, որպեսզի ընդլայնվեն կապերը Եվրոպայի և Ասիայի հետ։ Այդ նպատակով մեր երկիրը պատրաստ է տրամադրել իր համապատասխան ենթակառուցվածքները՝ խթանելով հնարավոր համագործակցությունը Կենտրոնական, Հարավային, Արևելյան Ասիայի և  Պարսից ծոցի գործընկեր պետությունների հետ»,- նշեց ԻԻՀ փոխարտգործնախարարը։         

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել