Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չի քննարկվի ԱԺ-ում. դեմ էր նաև հեղինակ Հայկ Սարգսյանը
10:27 - 17 հունիսի, 2025

Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չի քննարկվի ԱԺ-ում. դեմ էր նաև հեղինակ Հայկ Սարգսյանը

Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չներառվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

Ներկա բոլոր պատգամավորները, այդ թվում՝ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը, դեմ քվեարկեցին հարցը օրակարգում ներառելուն:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ բանակի բարեփոխումները շարունակում են մնալ իշխանության օրակարգում, և այս նախագիծն էլ դրա մի մասն է, սակայն որոշ սահմանումներ, կարգավորումներ կան, որոնք չեն համապատասխանում, և այս տեսքով չեն կարող ընդունել նախագիծը, դրա համար նախագիծը օրակարգում ներառելուն դեմ են քվեարկելու:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 22-ին հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայության համակարգում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին:

Առաջարկվում էր.

  • Սահմանել կրճատ ժամկետով ծառայությունը: Մեկ ամիս ծառայելու համար պետք է վճարել 24 մլն դրամ, չորս ամիս՝18 մլն դրամ։
  • Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32-ը՝ 27-ի փոխարեն:
  • Սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է, երբ քաղաքացին մեկնում է ծառայության կամ դուրս է գալիս ՀՀ քաղաքացիությունից հօգուտ պետբյուջեի վճարման միջոցով։

Օրինագիծը դրական եզրակացություն չէր ստացել նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում։ 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարել օրենքների նախագծերի կարգավորումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել