ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են գործարար կապերի ամրապնդման հարցեր |armenpress.am|
16:12 - 18 սեպտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են գործարար կապերի ամրապնդման հարցեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի և Սլովակիայի միջև շուկաների դիվերսիֆիկացմանը, առևտրի և ներդրումների նոր ոլորտների բացահայտմանը, արտահանման և ներմուծման ուղղությունների ընդլայնմանը, գործարար կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։ 

Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականի ապրիլի 8-ին՝ Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրով ամրագրված դրույթների իրականացմանը։ Նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է կնքել ներդրումների խրախուսման մասին երկկողմ պայմանագիր։

Քննարկվել են նաև Հայաստանի և Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունների տնտեսական հետազոտությունների կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների միջև փոխհամագործակցության կապերի հաստատման հնարավորությունները, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու հնարավոր համատեղ մակրոտնտեսական հետազոտությունների իրականացմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել գինեգործության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը։

Գևորգ Պապոյանը դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել