hetq.am: Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության կիբեռանվտանգության ազգային համակարգման կենտրոնը որոշել է սահմանափակել Telegram մեսենջերի օգտագործումը պետական իշխանության մարմիններում, ռազմական ստորաբաժանումներում և ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների (ատոմակայան, էներգետիկ ու տրանսպորտի ոլորտ) օբյեկտներում։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի Գերագույն ռադայից։
Ծառայողական սարքերի վրա մեսենջերի տեղադրման և օգտագործման արգելքը վերաբերում է պետական իշխանության մարմինների աշխատակիցներին, զինծառայողներին, անվտանգության և պաշտպանության ոլորտի աշխատողներին ու ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ձեռնարկություններին:
Բացառություն կարվի միայն այն դեպքում, եթե Telegram-ի օգտագործումը պաշտոնական պարտականություն է։
Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները նշել են, որ ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է Telegram-ը կիբեռհարձակումների, ֆիշինգի և վնասակար ծրագրային ապահովումների տարածման, ինչպես նաև օգտատերերի գտնվելու վայրը պարզելու և հրթիռային հարվածները կարգավորելու համար:
Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները հասանելիություն ունեն Telegram-ի օգտատերերի անձնական նամակագրությանը:
Ուկրաինայում Telegram-ի արգելքի շուրջ քննարկումները վաղուց են սկսվել։ Այս որոշման կողմնակիցները մեսենջերը խոցելի են համարում, իսկ Կիրիլ Բուդանովն այն անվանել է ազգային անվտանգության սպառնալիք: Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո Գերագույն ռադայի պատգամավորները մշակել են մեսենջերի աշխատանքը կարգավորելու մասին օրինագիծ, սակայն դրա վերջնական տարբերակը դեռևս չկա:
comment.count (0)