tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա գեներալները լավ գիտեն, որ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է լինելու։ Այս մասին TVN-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Դուդան մեկնաբանում էր Պուտինի հայտարարությունը, որում նա սպառնացել էր միջուկային զենք կիրառել, եթե Ռուսաստանի վրա որևէ զանգվածային հարձակում լինի։
Լեհաստանի նախագահը կարծում է, որ Ռուսաստանի ղեկավարի հայտարարություններում ոչ մի նոր բան չկա։
«Եթե սրան նայենք հանգիստ և առանց խուճապի, ապա պետք է պարզ լինի. նա կրկնում է այն, ինչ երկար տարիներ ամրագրված է ռուսական ռազմական դոկտրինում, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել ցանկացած միջոց, այդ թվում, իհարկե, միջուկային զենքը Ռուսաստանին սպառնացող վտանգի դեպքում: Մյուս կողմից, Վլադիմիր Պուտինն իր գեներալների պես գիտի, որ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է... Նրանք երբեք իրենց չեն ազատի այդ պատասխանատվությունից, եթե միջուկային զենք օգտագործեն... Աշխարհը երբեք չի ների նրանց դրա համար»,- ասել է Դուդան։
comment.count (0)