1lurer.am: ԲՏԱՆ-ն առաջարկում է հիմնական 4 նոր գործառույթներով օժտել ռազմարդյունաբերական կոմիտեին՝ նպաստելու Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացմանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 1-ի նիստին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:
Նախարարը նախ հիշեցրեց՝ շուրջ 4,2 մլրդ դրամի բյուջե է նախատեսված ռազմարդյունաբերության ոլորտում նորարարությունների, նորագույն տեխնոլոգիաների խթանման համար: Ըստ զեկուցողի՝ այսօր էլ ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքներ կատարվում են, սակայն մի շարք իրավահարաբերություններ պետական ու ուժային կառույցների, մյուս կողմից՝ մասնավոր հատվածի միջև, կանոնակարգված չեն: Ուստի օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նախ կանոնակարգել դաշտը՝ հեշտացնելու այն ռազմարդյունաբերողների գործը, որոնք ցանկանում են պետական ֆինանսավորումից օգտվել:
Կանոնակարգման ենթակա երկրորդ ուղղությունը վերաբերում է փորձանմուշների արտադրությանը:
«Այս մասում ունենք 1,5 մլրդ դրամի համապատասխան բյուջե. սա նախատեսված է 2024 թվականի բյուջեով, սակայն որևէ մեխանիզմ սրա տակ դրված չէ: Մենք առաջարկում ենք օրենսդրական այս փոփոխություններով տալ մեզ գործիքակազմ՝ մշակելու մեխանիզմները, դրա տակ դնելու համակարգ»,- ասաց նախարարը և հավելեց, որ արդյունքում այն ռազմարդյունաբերողները, որոնք պատրաստ են պետական փորձարկման, կֆինանսավորվեն պետության կողմից:
Երրորդ փոփոխությունը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին. կվերացվեն արհեստածին, բյուրոկրատական այն խոչընդոտները, որոնք լրջորեն ազդում են պետական փորձարկման գործընթացի վրա: Այս համատեքստում նախարարը ներկայացրեց նաև պրակտիկայում գոյություն ունեցող մի երևույթ:
«Պետական փորձարկման համար անհրաժեշտ անգամ մեկ փամփուշտի համար մենք Կառավարության առանձին որոշումների ենք տանում: Հետայսու մենք մտադիր ենք 2 նախարարների՝ ԲՏԱ նախարարի և պաշտպանության նախարարի հրամանով այս հարցը կարգավորել, որը մի քանի անգամ արագացնելու է պետական փորձարկումների տեմպերը»,- ասաց նախարարը:
Չորրորդ ուղղությունը հնարավորություն է տալու պետական հաստատությանն արտակարգ իրավիճակներում, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարվեն մասնավոր հատվածի ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին, որովհետև այս ընկերությունները կաշկանդված են, երբ խոսքն արտերկրից նման գնումներին է վերաբերում:
comment.count (0)