ԵԱՏՄ-ի շրջանակում Էներգետիկայի հետագա ինտեգրացիան միանշանակ օգուտ կբերի Հայաստանին․ փոխնախարար
14:23 - 01 հոկտեմբերի, 2024

ԵԱՏՄ-ի շրջանակում Էներգետիկայի հետագա ինտեգրացիան միանշանակ օգուտ կբերի Հայաստանին․ փոխնախարար

Էներգետիկայի ոլորտում հետագա ինտեգրացիան ԵԱՏՄ-ի շրջանակում միանաշանակ օգուտ կբերի Հայաստանին։ 

Երևանում անցկացված Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ 

«Մեր էներգոհամակարգը եղել է Խորհրդային Միության միասնական համակարգի մի մասը, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ Հայաստանը սկսեց աշխատել այդ համակարգից առանձին, սկզբում եղան մեծ խնդիրներ նույնիսկ կապված պարզ պրոբլեմների հետ, որոնց լուծումը բավականին դժվար էր առանձին վերցրած փոքր համակարգի համար։ Խնդիրներն հետագայում այսպես, թե այնպես լուծվեցին, սակայն Հայաստանում էլեկտրաէներգիան դարձավ բավականին թանկ, քանի որ մեզ անհրաժեշտ է ավելի շատ պահուստներ ունենալ և վճարել այն ծառայությունների համար, որոնք նախկինում անվճար էին կամ դրանց համար սահմանված էին խիստ ցածր գներ»,- ասաց փոխնախարարը։ 

Նրա համոզմամբ՝ էներգետիկայի ոլորտում հետագա ինտեգրացիան ԵԱՏՄ-ի շրջանակում միանաշանակ օգուտ կբերի մեր երկրին, ինչպես նաև  այդ կառույցում ընդգրկված բոլոր գործընկեր պետություններին։ Հակոբյանը տեղեկացրեց, որ Հայաստանում վերջին տարիներին զարգանում է նաև վերականգնողական էներգետիկան, հատկապես արևային էներգետիկան։ 

«Իհարկե գիտենք, որ այն բազային չէ, և գեներացիայի հետ կապված խնդիրները հեշտ լուծելի չեն։ Զուգահեռտաբար աշխատում ենք իրանական էներգոհամակարգի հետ և, հաշվի առնելով մեր սահմանափակ հնարավորությունները, փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է լուծել էլեկտրական հաղորդակցության ուղիների հետ կապված հարցերը։ Մենք աշխուժորեն քննարկում ենք էներգետիկ ընդհանուր շուկայի թեման և համոզված ենք, որ այն օգտակար կլինի մեր երկրի համար։ Ճիշտ է, Հայաստանը չունի ուղիղ կապ ՌԴ-ի և ԵԱՏՄ մյուս երկրների էներգոհամակարգերի հետ, բայց մենք մտադիր ենք մոտ ապագայում կառուցել նոր ուղիներ և Վրաստանի միջոցով կապվել մյուս երկրների հետ»,- նշեց Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ դա կնպաստի Հայաստանի էներգոանվտանգության մակարդակի բարձրացմանը և երկիրը կկարողանա անհրաժեշտության դեպքում արտահանել նաև իր պահուստներից, ինչը կնպաստի նաև գների իջեցմանը, քանի որ մեկ կիլովատ էլեկտրաէներգիա ստանալու ծախսը կլինի համեմատաբար քիչ։ Այդ դեպքում տնտեսությունը կզարգանա, քանի որ կունենանք անսահմանափակ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն։  

«Հայաստանն ունի այնպիսի պահուստային հզորություններ, որ կարող է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան օգտագործում է ներքին կարիքների համար։ Հայաստանը տարեկան օգտագործում է 7 միլիարդ կիլովատ էլեկտրաէներգիա, բայց կարող է արտադրել արտահանման համար նախատեսված ևս 7 միլիարդ կիլովատ էլեկտրաէներգիա։ Դա նշանակում է, որ հիմա վճարում ենք հզորությունների համար, որոնք կանգնած են (խմբ․ ստատիկ վիճակում են), սակայն դրանց համար քաղաքացիները վճարում են, մինչդեռ ինտեգրացիայի պարագայում հնարավոր կլինի մշտապես այդ հզորություններն աշխատացնել և էլեկտրաէներգիա սպառող մեր քաղաքացիներն այլևս չեն վճարի այդ հզորությունները ստատիկ վիճակում պահելու համար։ Մենք չենք կարող պահուստներ չպահել, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեր երկու հարևանների հետ սահմանները տակավին փակ են։ Մեր երկրում եղավ երկրաշարժ, այնուհետև պատերազմ, հետևաբար մեկուսացված վիճակը ստիպում է պահել մեծ պահուստներ»,- պարզաբանեց Հակոբյանը։ 

ՏԿԵ նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ շարունակաբար առաջնահերթ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի զարգացմանը, որովհետև այն Հայաստանի տնտեսության հիմքն է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել