civilnet.am: Վերջին տասնամյակներին հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանում չի ծնվել շուրջ 80 000 աղջիկ։ Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում ժողովրդագրական խնդիրների քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ այդ թիվը կարող էր էական լինել մարդկային կապիտալի զարգացման համար։
Հարցի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մարդկանց ինչ-որ մասն ուզում է ունենալ տղա երեխաներ։ Սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են։ Վերջերս մի տեղեկանք էի կարդում, որտեղ արված էր հետևյալ արձանագրումը, որ սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքականի հետ կապված խնդիր է լինելու։ Դա մեր վերարտադրողական պոտենցիալի վրա էական բացասական ազդեցություն է ունենալու կամ արդեն ունեցել է»
Վարչապետը հայտարարեց՝ այս թեմայով հանրության հետ պետք է խոսակցություն ունենալ ու դա պետք է «լսվող խոսակցություն լինի»։
Նախարար Նարեկ Մկրտչյանի արտահայտությունը՝ «վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել», չափազանցված է ու իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին պարզել է «Փաստերի ստուգման հարթակը»։
Ի պատասխան հարցին, թե նախարարը ինչ տվյալների հիման վրա է նման պնդում արել, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ելույթի համար հիմք են ընդունվել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության արդյունքները։
«Հիմք ընդունելով այն, որ բնական ծնունդների գործակիցը պետք է լիներ 1.05, սկսած 1989թ․-ից ունենք 24,659 չծնված աղջիկ․ այսինքն՝ աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, Հայաստանն արդեն իսկ կորցրել է ոչ միայն աղջիկների, այլև պոտենցյալ ապագա մայրերի, որոնց չծնվելու ու երեխա չունենալու հետևանքով բնակչությունը նվազման կգնա 80.000 մարդով»:
Ստացվում է՝ նախարար Նարեկ Մկրտչյանը միջազգային կազմակերպությունների հետազոտություններում նախանշված կանխատեսումները ներկայացրել է որպես իրականություն՝ սխալ տվյալներ հանրայնացնելով։
comment.count (0)