Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ
18:11 - 19 հոկտեմբերի, 2024

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հոկտեմբերի 14-15-ը աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումարին (WTSA-24) և Հինգերորդ գլոբալ ստանդարտների սիմպոզիումին: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Նախարարի տեղակալին ուղեկցել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը:

Մելիքսեթյանը Գլոբալ ստանդարտների սիմպոզիումի (GSS-24)՝ «Բարձր մակարդակի սեգմենտ. Կատալիզացնող փոփոխություն. արդյունաբերությունն ու նախարարական առաջնորդները ձևավորում են նորարարության ապագան» թեմայով նստաշրջանում հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է ինովացիոն էկոհամակարգերի ապագայի տեսլականը, անդրադարձել ստարտափների, կորպորացիաների ու կառավարությունների միջև համագործակցության ամրապնդման հնարավորություններին և անորոշ ու արագ փոփոխվող գլոբալ միջավայրում նորարարությունների առաջացման բարդությունները հաղթահարելու ուղիներին։

Միջոցառման շրջանակներում Գևորգ Մելիքսեթյանը հանդիպում է ունեցել ՀՄՄ գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմաս Լամանոսկասի և ՀՄՄ զարգացման բյուրոյի տնօրեն Կոսմաս Զավազավայի հետ:

Քննարկվել են համագործակցության զարգացման, ՀՄՄ հետազոտական և աշխատանքային խմբերում նոր մասնագետների ներգրավվածության, ՀՀ-ում ոլորտային թեմաներով սեմինարների կազմակերպման և այլ հարցեր:

Հաջորդիվ՝ Գևորգ Մելիքսեթյանը հանդիպել է Հնդկաստանի հեռահաղորդակցության վարչության քարտուղար Նեերաջ Միթտալի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, դեսպանի առաջին քարտուղար Վլադիմիր Պողոսյանը և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման, համատեղ նամականիշ թողարկելու և փոխգործակցության այլ հնարավորությունների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել