Ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի բացակայության պատճառով․ Մհեր Գրիգորյան

 |factor.am|
13:30 - 21 հոկտեմբերի, 2024

Ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի բացակայության պատճառով․ Մհեր Գրիգորյան |factor.am|

factor.am: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի բացակայության պատճառով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է փոխվարչապետ, ապաշրջափակման հարցերով  հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ «Կան հիմնարար հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումները շարունակելն ուղղակի իմաստ չունի»,- ասել է փոխվարչապետը։

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քնարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի վավերցման հարցը։  Նիստից առաջ Մհեր Գրիգորյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է, որ  մտավախություն չունի, թե Ադրբեջանը չի վավերացնի կանոնակարգը։ Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը զուգահեռ է ընթանում: «Ուղղակի չգիտեմ՝ ո՞ր փուլում է Ադրբեջանում այդ գործընթացը, բայց ստորագրման պահին ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի»,- նշել է նա։

Հավելենք, որ եթե հանձնաժողովը դրական եզրակացություն տա կանոնակարգին, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։ Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է անհրաժեշտ։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: 

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգը 7 հոդված ունի։ Դրանում նշվում է, որ հնարավոր է՝ գործընթացը հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։ 

Սեպտեմբերի 5-ին էլ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել