azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են՝ տեքստի համաձայնեցմամբ, ՔՊ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք էդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և ըստ էության հոդված-հոդված առանձին հրապարակվել է, չեմ կարծում, թե կարելի է ասել, թե հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ «մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին»:
«Ադրբեջանի արտգործնախարարությունը որքան հասկացա հայտարարությամբ է հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ է քննարկումներ սկսել, իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք՝ մեր պատկերացումները, ենթադրվում է, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք պատկերացումները մոտեցնել», - նշեց Փաշինյանը:
Պատասխանելով երկու կետերի վերաբերյալ հարցին, որոնց շուրջ Հայաստանը համաձայնել է, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետոյին, չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մենք հիմա այդ հարցերով պետք է որոշ նյուանսների հետ կապված էլ քննարկում ունենանք»:
«Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու հարցին, մյուսը միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ վերադարձնելու և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն: Այդ դրույթներն էլ որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել: Այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և չի հաջողվելու ունենալ իդեալական ձեւակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Ըստ էության, այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար», - նշեց Փաշինյանը:
Հարցին, թե ո՞րն է ադրբեջանական կողմի փոխզիջումը, վարչապետը պատասխանեց.
«Այս փուլում շատ կարևոր է, որ մենք միակողմանի ձևակերպումներ և հայտարարություններ չանենք: Եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, ՀՀ-ն էլ որոշել է, որ նաև իրեն է ձեռնտու: Դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք: Այո, մենք կայացրել ենք որոշում, որովհետև համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին և կարող է լինել խաղաղության համաձայնագիրը, այլ բանաձև խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում»:
«Ազատության» հարցին՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ քննարկում Բաքվի հետ հայկական կողմն ունի՞, վարչապետն արձագանքեց. - «Ոչ, չունի դրա հետ կապված քննարկում»:
«Մենք կարծում ենք, որ առավել ևս Սահմանադրական դատարանի նախորդ տարվա որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված կա հիմա արդեն նոր իրողություն: Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է: Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ «առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ և տեսնել՝ որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը»:
comment.count (0)