news.am: ՀՀ տարածքային ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տրանսպորտային միջազգային ֆորումի շրջանակներում առիթ է ունեցել հանդիպելու թուրք գործընկերոջ՝ Աբդուքադիր Ուրալօղլուի հետ։
Նա նշեց, որ առիթը օգտագործելով որպես տրանսպորտային ոլորտի և ենթակառուցվածքների նախարարներ խոսել են առկա հնարավորությունների, ենթակառուցվածքների մասին, որոնք չեն օգտագործվում և օգտագործվելու դեպքում ինչ հնարավորություններ կարող են բացել երկրների և տարածաշրջանի համար։
«Խոսել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Կարող ենք գնահատել, որ բավական լավ արդյունավետ քննարկում էր»,-ասաց նա:
Սանոսյանը հավելեց, որ իրենք խոսել են բոլոր առկա չգործող ենթակառուցվածքներից, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղուց: Նախնական պատկերացումներ կան, թե ինչքան կարող են տևել վերականգնման աշխատանքները, նաև պատկերացում կա, թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն դրա համար»,- ասաց նախարարը:
Եթե ընդհանուր քննարկումներն առաջ գնան, ապա ըստ նախարարի, այդ նախնական մտքերը, հաշվարկները կկենտրոնացնեն, դրանց նախագծի տեսք կտան ու կյանքի կկոչվեն:
Նա ընդգծեց, որ այդ հարցի շուրջ առնվազն կա երկխոսություն և այդ հանդիպումն այդ երկխոսության շրջանակում էր. «Եթե հասնենք այն փուլին, որ պետք է այդ նախնական ուսումնասիրությունները, թվերը դառնան իրական նախագծեր, ապա մենք ավելի մեծ ծավալով կներգրավվենք այս պրոցեսին»,-ասաց Սանոսյանը:
comment.count (0)