civilnet.am: Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը: Այդ մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2025-ի բյուջեի քննարկմանն ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Արդեն սկսել ենք բանակցությունները արտոնագրերի ազատականացման շուրջ։ Նոյեմբերի 5-6-ը Երևանում է Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ 2024-ը աննախադեպ տարի էր ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից. «Կարող ենք բազմաթիվ ձեռքբերումներ նշել, օրինակ՝ վավերացվեց Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրոջասթ պայմանագրերը: Երկու կարևոր որոշումներ ընդունվեցին հուլիսին արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկելու և եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ»։
Փոխարտգործնախարարը հայտնեց նաև, որ ավարտին է հասցվում Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը. «Այդ բոլոր քայլերը, իհարկե, կունենան իրենց ազդեցությունը 2025-ին նախատեսվող աշխատանքների առումով»:
comment.count (0)