ՆԳ նախարարը Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ հանդիպմանը կարևորել է ոստիկանության մյուս ծառայությունների հետ համագործակցությունը
19:55 - 08 նոյեմբերի, 2024

ՆԳ նախարարը Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ հանդիպմանը կարևորել է ոստիկանության մյուս ծառայությունների հետ համագործակցությունը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է նոր ձևավորված Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ։ 
 
Ինչպես հայտնում են ՆԳ նախարարությունից, հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։
Նախարարը շնորհավորելով ոստիկանության երկու հենասյունային ուղղությունների ձևավորման կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտել Կառավարությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարեփոխումներին աջակցելու, իսկ միջազգային կառույցներին՝ ներդրված ջանքերի և համագործակցության համար։
 
Ընդգծելով նոր տրամաբանությամբ ծառայության իրականացման կարևորությունը՝ Վահե Ղազարյանն անդրադարձել է կադրային քաղաքականությանը, ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությանը, աշխատանքի գնահատման նոր մեթոդաբանությանը և մի շարք այլ հարցերի։
 
Նա կարևորել է նորաստեղծ կառույցների և ոստիկանության մյուս ծառայությունների համագործակցության ամրապնդումը։
 
Նախարարը շնորհավորել է նաև Քրեական ոստիկանության ծառայողներին՝ հատկապես շարքերը համալրած քաղաքացիական անձանց։
 
Անդրադառնալով Քրեական ոստիկանությանն առաջադրված խնդիրներին՝ Վահե Ղազարյանը կարևորել է ծառայողների փորձառությունը նոր պայմաններում օգտագործելու կարողությունը, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում տարբեր ստորաբաժանումների ակտիվ համագործակցությունը։
 
Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորման կապակցությամբ շնորհավորել է նաև ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը՝ մաղթելով անփորձանք ծառայություն։
 
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն իր խոսքում նշել է. «Ոստիկանությունում այսպիսի արմատական փոփոխություններ երբեք չեն կատարվել: Փոփոխություններն աննախադեպ են ոչ միայն իրենց ծավալներով, այլև որակապես: Բարեփոխումները նախաձեռնելիս մեր տեսլականը եղել է ունենալ ավելի արդյունավետ գործող ոստիկանություն և ավելի պրոֆեսիոնալ ոստիկան»։
 
Նա ընդգծել է, որ երկու ստորաբաժանումների համագործակցությունը կարևոր քայլ է իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում: Երկուստեք ջանքերի համատեղումը թույլ կտա առավել օպերատիվ և արդյունավետ արձագանքել ինչպես ոչ մեծ և միջին, այնպես էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։
ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի խոսքով՝ «Արդեն իսկ կարելի է փաստել, որ ստեղծվել է համագործակցության առողջ մթնոլորտ Քրեական ոստիկանության հետ, և ցանկացած հարց, որն առաջանում է այս երկու հենասյուների միջև, լուծվում է ի շահ ոստիկանության»:
 
Ելույթ են ունեցել նաև ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։
 
Նորաստեղծ ստորաբաժանումներ ծառայության անցնելու իրենց տպավորություններով են կիսվել կին ծառայողները։
 
Հանդիպման ավարտին ոստիկանության մի խումբ ծառայողների շնորհվել են սպայական կոչումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել