Ինչպես արդեն հայտնել էինք Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա ուղերձ է հղել, որում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:
Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են:
Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության։ Փա՜ռք նրանց։
Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»,- ասված է ՆԳ նախարարի ուղերձում։
Նշենք նաև, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:
comment.count (0)