factor.am: Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է: Բաքվում COP29-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացներն ադրբեջանական կողմի հետ։ Որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այդ միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա։ Թուրքիայում ավարտել ենք մեր նախագիծը, անցկացրել ենք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է թուրք նախարարը։
Նա նշել է, թե «Թուրքիան սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ՝ «Զանգեզուրի ճանապարհով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումների համար»։
Ուրալօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան գտնվում է տրանսպորտային միջանցքների կենտրոնում և առանցքային դեր է խաղում միջմայրցամաքային միջանցքների օգտագործման գործում։
comment.count (0)