Վարչապետը ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը
18:03 - 21 նոյեմբերի, 2024

Վարչապետը ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց զարգացմանը, ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին, այդ համատեքստում ՀՀ դիրքորոշումներին, սահմանազատման գործընթացին: Տարածաշրջանային կայունության ապահովման առումով կարևորվել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել