tert.am: Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում ստորագրվելիք համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության և անվտանգության ոլորտները. այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ առանց հավելյալ մանրամասներ բացահայտելու։
«Ինչ վերաբերում է նշված հիմնարար փաստաթղթի բովանդակությանը, ապա ես ժամանակից շուտ չէի բացահայտի մանրամասները։ Նշեմ միայն, որ այն կհամապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին ու պահանջներին՝ ընդգրկելով ռուս-իրանական համագործակցության գրեթե բոլոր ներկա և հեռանկարային ոլորտները, այդ թվում՝ պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուդենկոն։
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագրի մշակումը սկսվել է 2022 թվականի սկզբին։ Ռուդենկոն 2024 թվականի հուլիսին հայտնել էր, որ փաստաթուղթը պատրաստ է։ Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է փաստաթղթի ստորագրման ԱԳՆ առաջարկը։ Ենթադրվում է, որ այն կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՌԴ այցի շրջանակում:
comment.count (0)