Համալսարաններում որոշ բաժինների ընդունելության առարկաների ցանկը փոխվել է |hetq.am|
19:04 - 28 նոյեմբերի, 2024

Համալսարաններում որոշ բաժինների ընդունելության առարկաների ցանկը փոխվել է |hetq.am|

hetq.am: Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։

Նախորդ՝ 2024-2025 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել։

Երևանի պետական համալսարանի «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրերի ընդունելության քննություններում «Աշխարհագրություն» մասնագիտության համար նախատեսվող քննությունների շարքում «Աշխարհագրություն» քննությունը փոխարինվել է «Մաթեմատիկա» առարկայի քննությամբ՝ որպես պարտադիր, իսկ «Աշխարհագրություն»-ը և «Անգլերեն»-ը՝  որպես կամընտրական քննություն: Նույն փոփոխությունները կատարվել են նաև բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների «Աշխարհագրություն» մասնագիտություն ունեցող կրթական ծրագրերի քննություններում:

Ըստ կառավարության՝ այս փոփոխությունները պայմանավորված են ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումների, կրթական ծրագրերի խոշորացման, արդիականացման գործընթացներով։

Գործադիրը մասնագետերի կարծիքին է հղում անում՝ տվյալ կրթական ծրագրերը պահանջում են մաթեմատիկական ամուր հիմքեր, քանի որ մաթեմատիկան ուսանողներին օժտում է քանակական տվյալների մշակման, վիճակագրական վերլուծություններ կատարելու և մաթեմատիկական մոդելներ ստեղծելու կարողությամբ, որոնք կարևոր են ճշգրիտ քարտեզների ստեղծման, գեոդեզիական չափագրությունների և տարածական տվյալների վերլուծության համար։ 

Իսկ անգլերենի իմացությունը ապագա ուսանողներին հնարավորություն կընձեռի առաջին կուրսից ծանոթանալ միջազգային վերլուծություններին, ուսումնասիրել տեխնիկական փաստաթղթեր, ընթերցել մասնագիտական արդի գրականություն։

Գործադիրում կարծում են, որ առարկաների փոփոխությունները հնարավորություն կտան ավելի մեծ թվով դիմորդների ընդունել այդ կրթական ծրագրերով։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրում ընդգրկվել են «Օգտակար հանածոների հարստացում», «Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր», «Վերամբարձ, ճանապարհային և շինարարական մեքենաներ» կրթական ծրագրերը: 

«Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագրի ընդունելության քննությունների համար «Մաթեմատիկան» դարձել է պարտադիր, իսկ «Ֆիզիկա»-ն և «Անգլերեն»-ը՝ կամընտրական քննություններ:

Այս քննությունները սահմանված են նաև «Շրջակա միջավայրի պահպանություն» կրթական ծրագրի ընդունելության համար։

Հիմնավորումն, ըստ Կառավարության, այն է, որ այդ ծրագրի շրջանավարտը պետք է կազմի շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող հետազոտություններ, կիրառի մաթեմատիկայի և բնական գիտությունների մեթոդները, օգտագործի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պաշտպանության համակարգերի համակարգչային մոդելավորման գործիքներ և այլն։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ընդգրկվել են «Ջերմաէներգետիկա», «Էլեկտրաէներգետիկա», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքի տեխնոլոգիա, սարքավորումների տեխնիկական շահագործում» կրթական ծրագրերը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» և «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» կրթական ծրագրերը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերում՝ «Սուրդոմանկավարժություն», «Օլիգոֆրենոմանկավարժություն» և «Տիֆլոմանկավարժություն» կրթական ծրագրերը փոխարինվել են «Հատուկ մանկավարժություն» կրթական ծրագրով, և ցանկը լրացվել է ևս 2 նոր՝ «Էրգոթերապիա» և «Արվեստ-արհեստ» կրթական ծրագրերով: Միաժամանակ, ցանկից հանվել են մասնագիտական մանկավարժության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առանձին կրթական ծրագրերը, նախատեսվել են կրկնակի որակավորում շնորհող կրթական ծրագրեր՝ «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա», «Աշխարհագրություն-Բնագիտություն»։ 

2024-2025 ուսումնական տարվա համար «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Քիմիա» կրթական ծրագրերի անվճար տեղերը բաշխվել էին «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» և «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերին:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրեթե բոլոր կրթական ծրագրերում «Հայոց լեզու» առարկան դարձել է պարտադիր քննական: Գործադիրը կրկին հղում է անում մասնագետներին՝ թարգմանիչը պետք է շատ լավ տիրապետի իր մայրենի լեզվին՝ որակյալ թարգմանություն ապահովելու, բառամիավորների և արտահայտությունների համարժեքները բացահայտելու համար: 

Հայ-ռուսական համալսարանի հայկական բաժանմունքում ավելացել է նոր՝ «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» կրթական ծրագիրը:

Նախագծում նշված մասնագիտությունների ընտրությունը պայմանավորված է նաև դիմորդների ակնկալիքները բավարարելու անհրաժեշտությամբ:

Գործադիրում կարծում են՝ նախագծի ընդունումը կնպաստի պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել